Փափուկ ձյուն

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին: 

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշուհեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկներըմտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ ՍԱՐՅԱՆ

Գեղամ Սարյանը ծնվել է 1902 թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Թավրիզ քաղաքում: 1920 թվականին ավարտել է Թավրիզի Կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը։ 1922 թվականից հաստատվել է Խորհրդային Հայաստանում, Գյումրիում զբաղվել ուսուցչությամբ։ 1927-1928 թթ.-ին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928-1931 թթ.–ին՝ «Բանվոր» թերթերում, 1934-1935 թթ.–ին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում: Այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով։

Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց…», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ…» ևն)։

Տպագրվել է 1919 թ.-ից։ 1925 թ.–ին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», 1930 թ.–ին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» (1933), «Միջօրե» (1935), «Գյուլնարա» (1935), «Բանաստեղծություններ» (1940), «Բալլադներ» (1944), «Հատընտիր» (1951), «Քրիզանթեմ» (1968, ՀԽՍՀ պետական մրցանակ)։

Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» (1928) ժողովածուն, «Օտար մարդը» (1929) վիպակը, «Երեք երգ» (1936), «Գրիգոր Դերեն» (1967) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» (1950) չափածո վեպը և թատերգություններ։

Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։

Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Գրել է նաև մանուկների համար։

Հայերեն է թարգմանել Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Հ. Հայնեի, Ի. Ճավճավաձեի, Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ.Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովրդների լեզուներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում