Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» դեռ վախեցնում է Թուրքիային
Նմանատիպ
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանը կազմակերպել էին ցուցադրություն’ նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:
Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:
Միջոցառման ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ասաց, որ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից ու նրա սյուժեից վախենում են թուրքական պետությունն ու բանակը:
«Այսօրվա հանրապետական Թուրքիան սարսափով է վերաբերվում այս գրքին: Դրա վառ ապացույցը վեպի այրումն էր: Դա վախն է գրքի, հեղինակի ու պատմության հանդեպ»,- ավելացրեց Դեմոյանը և շարունակեց, որ այսօրվա Թուրքիան ունի պատիժ և դա սեփական պատմության նկատմամբ վախ ունենալու իրավունքն է, իսկ այդ պատմությունն աղճատված ու խեղաթյուրված է:
Հայկ Դեմոյանը նաև ասաց, որ իրենք թողարկում են մեդալների շարք, որոնցից մեկը նվիրված է Ֆրանց Վերֆելին: «Դա առնչություն ունի նաև վեպի 80-ամյակի հետ: Շարքը, որը կոչվում է «Երախտագիտություն», թողարկվում է սահմանափակ քանակով’ ընդամենը 100 ոսկեզոծ ու համարակալված հուշամեդալներ: Առաջին այս հուշամեդալը հանձնում ենք ազգային գրադարանին»,- ասաց Դեմոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում