«7 գույն»-ը ներկայացվեց Շարժայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում
Նմանատիպ
Նոյեմբերի 1-11-ը Շարժայում անցկացվում է մանկապատանեկան գրքի միջազգային տոնավաճառը, որի շրջանակում նոյեմբերի 4-ին, Շարժա-IBBY-ի /Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե/ տաղավարում կայացավ հայաստանյան գրողների «7 գույն» ժողովածուի շնորհանդեսը:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստան-IBBY-ի նախագահ Ռուզան Տոնոյանը: Իր խոսքում հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձավ գրքի ստեղծման ուղուն. «Գիրքը ստեղծվեց հայ մանկագիրների, նկարազարդողների և թարգմանիչների համար կազմակերպված միջազգային վարպետության դասերի արդյունքում: «Վորք շոփերն» անցկացրել են իրենց ոլորտներում միջազգային ճանաչում վայելող այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են գերմանացի մանկագիր Մանֆրեդ Թայզենը, բելգիացի հայտնի նկարազարդող Կլաաս Վերպլանկը և բրիտանացի թարգմանիչ Դանիել Հանը:
Ստեղծագործական համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված այս գիրքը թարգմանվեց անգլերեն լեզվով: Հայերեն գրքի շնորհանդեսը կայացավ Երևանում, անգլերենը` այս տարվա ապրիլին` Բոլոնիայի գրքի միջազգային տոնավաճառի շրջանակում:
Հայ և իտալացի երեխաները մեծ խանդավառությամբ ընդունեցին ժողովածուում ընդգրկված հայ հեղինակների պատմվածքները»: Ռուզան Տոնոյանը հույս հայտնեց, որ այն դուր կգա նաև արաբ ընթերցողին:
Այնուհետև, «7 գույն» ժողովածուի հեղինակներից` Ալլա Սերոբյանը արաբ մանուկներին և պատանիներին ներկայացրեց իր «Վասիլը» պատմվածքը: Տպավորված պատմվածքի հերոսի` Վասիլ կատվի նվիրվածությամբ և անձնազոհ արարքով ` երեխաներն իրենց կարծիքներն ու առաջարկությունները փոխանցեցին հեղինակին. երեխաներից մեկը նկատեց, որ ինքը պատմվածքը կվերնագրեր «Անձնվեր բարեկամ», իսկ մեկ այլ երեխա էլ հույս հայտնեց, որ իրենց խնամքի ներքո ապրող թռչունները նույնպես միմյանց վերաբերվում են այնպես, ինչպես պատմվածքի հերոսները` Վասիլ կատուն և Լեդի շնիկը:
Հնչեցին տարբեր կարծիքներ, սակայն երեխաները միակարծիք էին այն բանում, որ կենդանիներին պետք է խնամել, սիրել և պաշտպանել: Նշենք, որ «7 գույն» ժողովածուի ներկայացումը Շարժայի գրքի միջազգային տոնավաճառի շրջանակում իրականացվել է Հայաստան-Շարժա մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեների համագործակցության արդյունքում : Շնորհանդեսի համակարգման աշխատանքներն իրականացրել է Նարինե Կարսլյանը, իսկ թարգմանական աշխատանքները` Ռուբինա Գարեգինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում