Կկուն ու աքլորը

-Չնաշխարհիկ
Իմ աքլորիկ,
Ձայնդ զիլ-զիլ,
Ոսկի ծիլ-ծիլ,
Երգերիդ մեջ
Բյուր ելևէջ։
-Կկու քույրիկ,
Հուրիկ, բուրիկ,
Քո ձայնն էլ է 
Լավ գեղգեղում,
Ծոր է տալիս
ՈԻ մըղմըղում․
Երգ եմ լսել
Ես շատ ու քիչ,
Բայց չեմ տեսել
Քեզ պես երգիչ։
—Ոսկեփետուր,
Անուշ իմ քուր,
Կուզեմ լսեմ
Ձայնդ անսպառ
Միշտ անդադար։
-Պուճպուճուրիկ,
Մի պուտ ջրիկ,
Կկու քույրիկ,
Երդվում եմ ես,
Որ լռում ես,
Էսքան պուճուր․
Սպասելով
Իմ աչքերը
Կտրում են ջուր։
Ո՞րտեղից է
Քեզ էդպես ձայն,
Մաքուր, քնքուշ
ՈԻ զընգզընգան։
Դուք էդպես եք
Ամբողջ ցեղով․
Մի բուռ բան եք
Թեև տեղով,
Բայց ձեր երգը՝
Խիստ հաջողակ,
Չունի, չունի
Ոչ մի սոխակ։
—Գոհ եմ քեզնից,
Ջիվան աքլոր․
Խղճով ասենք՝
Դու միալար
Լավ ես երգում
Դրախտահավից,
Թռչունների 
Լավի լավից։
Ողջ աշխարհը
Խոսքիս վկա,
Քեզ պես երգիչ
Չըկա, չըկա։
-Էստեղ ծիտը,
Ծիտիկ-միտիկ,
Ասաց․-Հլա
Սըրանց մտիկ,
Ինչ լավ գիտեն
Իրար եղել․
Ասա, թողի՞ն
Պակաս տեղ էլ։
Է՜, լավ, հերիք
Իրար գովեք․
Աշխարհ գիտի,
Թե դուք ով եք։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում