Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նմանատիպ
Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 18-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Տեղեկացնում է ter-hambardzum.net-ը։
Սրբազան արարողություններին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ:
Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ս. Պատրագի վերջում՝ Ավագ Խորանին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք: Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:
Հայրապետական մաղթանքի սկզբում հանուն Հայ Եկեղեցու եկեղեցականաց և աշխարհականաց դասի, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով, Ոսկան Սրբազանն անդրադարձավ Մայր Աթոռի կարևոր դերակատարությանը Հայ Եկեղեցու միասնականության պահպանման գործում:
Սրբազան Հայրը նշեց նաև, որ այսօր էլ Հայ Եկեղեցվո առաքելաշավիղ գահակալը շարունակում է իր Հայրապետական սերը, խնմաքը և հոգածությունը տարածել հայ ժողովրդի հոգևոր կյանքից ներս:
Վերջում Սրբազան Հայրը մաղթեց, որ Ամենայն Հայոց Հովվապետը մշտապես ծաղկյալ պահի Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների ու Գրիգոր Լուսավորչի Աթոռը:
Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում