Սեր
Նմանատիպ
Երբ Մարինը կանանց տոնին իր համար մի քանի նվեր առած տուն մտավ (դրանք արդեն կարելի էր նվեր չհամարել), ամուսինը, որի պատճառով էլ այդ արվում էր, բոլորովին անակնկալի չեկավ։
Մարինը ֆրանսիական օծանելիք գովազդող խանութի կողքով անտարբեր անցնել չէր կարողանում։ Այս անգամ, որ առաջին անգամն էր, հատեց շեմը, մտավ ներս։ Ինքն էլ կին է, մի օր, մի երջանիկ օր չզգաց այն բերկրանքը, որ զգում է կինը, երբ տղամարդու ձեռքով նվեր է ստանում։ Այդպիսի օր չեղավ, և Մարինը, ի մի բերելով հավաքած ողջ դրամը, համարձակվեց խանութի շեմից մտնել ներս։
Օծանելիք, գեղեցիկ վզնոց, ծաղիկներ։Ծանրաբեռ մտավ տուն, իսկ ամուսինն ամեն ինչին անտարբեր իր թերթն էր կարդում։ Դրսի եռուզեռը նրան չէր հանել իր կաղապարից, նա, հավանաբար, չէր էլ նկատել փողոցի աղմուկը, գարնանային ծաղիկների առատությունը։
Տարօրինակ գարուն էր, ասես անտառների բոլոր ծաղիկները պատվերով ողողել էին քաղաքաբնակների փողոցները։ Երևի բնությունը կարոտել էր մարդկանց, իսկ մարդիկ․․․
Ամուսինը խոհեմաբար լռեց։ Մարինն իրեն հաղթողի դերում էր զգում, ինքն իր արածից հիացած և ուրախ, մինչդեռ հաջորդ օրը հացի փողը ստիպված էր հարևանից վերցնել։
Մեկ օրվա վայելքը փոխարինվեց մեկ ամսվա անհուսությամբ։ Ամուսինն աշխատանք չուներ, միակ աշխատողը մարինն էր, ստացածը հերիքում էր մեկ շաբաթ, այն էլ խնայողաբար ծախսելու դեպքում։
Երբ Մարինը հետո, շատ տարիներ անց հիշում էր իրենց ծանր, անհույս ու անհեռանկար օրերը, զարմանուն էր, որ ողջ ու առողջ դուրս եկավ այդ քաղցի և հուսահատության միջից։ Երեխաները, լավ էր, դեռ երեխա էին, այնքան էլ չէին հասկանում ինչ է կատարվում, մինչև մեծացան, սկսեցին մեծի աչքերով նայել կյանքին, արդեն շատ բան էր փոխվել։
Ժամանակին Մարինը փոքրիկ, համակրելի աղջիկ էր, հետո դարձավ համակրելի կին, բայց մեկ է, այն լուռ վհատությունը, որ նա տարավ այն տարիներին, դաջվեց մնաց դենքին, աչքերի մեջ, ողջ կերպարանքում։
Մի օր էլ փորձեց ըմբոստանալ ճակատագրի դեմ։ Ամուսինն արդեն մեկ տարի էր չէր աշխատում, էլի մթնած նստած էր կամ բակի նստարանին, կամ բազմոցին՝ իր ամենօրյա թերթով։ Թե ի՞նչ էր մտածում, մտածում էր, թէ չէ , ընդհանրապես ընդունա՞կ էր մտածելու, մինչև վերջ էլ անբացատրելի մնաց Մարինին։
Այդքան փակ մարդ միայն իրեն կարող էր հանդիպել, ոչ մի կերպով, կատակով, վեճով, ահտարբերությամբ հնարավոր չեղավ նրան բացել, նրա սիրտն ու հոգին պինդ փակված էին ոչ միայն իր առաջ։
Երևում էր ծանր կյանքը մի առանձնահատուկ ձևով էր նրան մեկուսացրել մնացած բոլորից։ Միայ երբեմն-երբեմն թնկթնկացող երեխային գրկում հանգստացնում էր ու վերջ։
Այդպես փակ էլ այդ մարդը հեռացավ աշխարհից։ Այդքան նեղսիրտ լինելը, լուրջը մի փոքր էլ անլուրջ դարձնելու անկարողությունը նրան հանեցին հավասարակշռությունից։
Հարևան Հակոբը շնորհաշատ տղա էր, փայտից ամեն ինչ սարքում էր։ Այդ օրը բերել, Մարինին ցույց էր տալիս փոքրիկ հյուսկեն զարդատուփը։ Փայտը ծխից մուգ գույն էր ստացել, բացատրում էր, թե վրայի նախշը որտեղի՞ց է վերցրել, ինչու՞ չի կարողանում ամեն մեկին իր ձեռքի գործը ցուցադրել, թե ինչպիսի ափսոսանք է ապրում, երբ վաճառում է դրանք։
Ամուսինն իրենից անկախ լսում էր, հետո վեր կացավ, մոտեցավ տղային, մի քնի խաչքար ու մեկ զարդատուփ վերցրեց, դրեց, երկար զննեց։ Ի՞նչ էր մտածում, չլինի՞ ուզում էր ինքն էլ այդ գործով զբաղվել։
Ամեն մեկի բան չէ այդպիսի գործը։ Կյանքում երբեք արվեստ չի սիրել, որևէ արվեստագետի հետ մտերիմ չի եղել։ Բայց չէ ընդամենը հետաքրքրվեց և այլևս չհիշեց այդ մասին։ Միայն, երբ Հակոբը, իր սովորության համաձայն, բերում իր աշխատանքները ցույց էր տալիս Մարինին, մի տեսակ լարվում էր, չնայած այդպես էլ չիմացվեց՝ խանդու՞մ էր, թե այդ զգացումն էլ արդեն չկար մոտը։
Տուն մտնող-դուրս եկողն էլ տեսնելով, որ ոչ մի ձևով չի ուզում մասնակցել խոսակցությանը, իրեն տանտիրոջ պես չի պահում, արդեն շփվում էին միայն Մարինի հետ, նրան էին բան հարցնում, նրանից վերցնում ու տալիս։
Մարդը դեռ կենդանի ինքն իրեն թաղեց այդ մի սենյակում,այդպես հոգեպես ճնշված ու ընկճված ապրեց և հետո, շատ տարիներ անց Մարինին այդ էլ էր զարմացնում։ Այդ մարդն ինչպե՞ս էր կարողանում տիրապետել ինքն իրեն, առանց հետաքրքրությունների, առանց հոգնելու, առանց մտածելու, առանց․․․ սիրո ապրել։
Այն ժամանակ, իսկապես, իրեն նրա մտքերը չէին հետաքրքրում, հարևանների պես ինքն էլ էր հույսը կտրել նրանից , բայց հիմա, այսքան ժամանակ անց, մտաբերում և զարմանում է, թե ինչ անսիրտ ու անհոգի էր ինքը։ Թող չսիրեր նրան, թող հոգներ նրա ծանր բնավորությունից, բայց իրե՞ն ինչ էր եղել, իր կողքին գուցե և տանջվող մարդուն ինքն ինչպե՞ս էր կարողանում տեսնելով չտեսնելու տար։
Թեկուզ որպես օտար մարդու, մի քանի կարեկից խոսք ասեր, այդքան էլ հայացք նետեր վրան։ Չէ, չէր անում։ Իրե՞ն ինչ էր եղել։ Օտար մարդը մտնում էր տուն, ինքը ժամերով կարող էր հետը նստել զրույցի, իսկ իր կողքի մարդը տարիներով ներքաշվեց ինքն իր մեջ՝ գուցե հենց իր անտարբերությունից դրդված։ Ինքն իրեն ամփոփեց կաղապարի մեջ, որ ոչ ոք չիմանա, չճանաչի իրեն, չառնչվի իր հետ, մտքերը չկարդա․․․
Նրա մտքերում եղածը Մարինը հետո իմացավ, երբ ինքն իր առաջ մեղավոր զգաց, նրա առաջ, բոլորի առաջ մեղավոր զգաց, երբ այդ ջահել մարդը այս աշխարհից արդեն կապերը կտրել էր, երբ այդ մարդուն վերջապես հանգիստը օգնության էր հասել, հավիտենական հանգիստը։
Հիմա արդեն հերթը Մարինինն էր։ Արդեն ինքը պետք է իր ներսը նայեր ու սարսափեր, որ այնտեղ ոչինչ չի գտնում։ Իսկ ինքը կարծում էր՝ Հակոբի հետ զրույցներն իրեն հարստացնում են, որ ընկերուհիների ու նրանց ընտանիքների հետ շփումները, երբեմն էլ կինո-թատրոն հաճախումները իրեն որոշակի բարձրության վրա են պահում, գրքերը, որ կարդում է, մշտապես կրթում են իր միտքը, երեխան պահպանում է իր հոգու հավասարակշռությունը։ Բայց այդ ամենը պատրանք էր։ Նրա աչքերը կույր էին, նա չէր տեսնում իր կողքը տանջվող մարդուն։ Ծանր մտքերից խոշտանգված, դեռ կենդանի, բայց կյանքից արդեն հրաժարված մարդուն։
Համատեղ ուժերով, միահամուռ մեղադրում էին նրան ծուլության, անգործության, անտարբեր պահվածքի համար։ Բայց ինչպե՞ս կարելի է որակել մարդուն՝ առանց իմանալու ի՞նչ է նա մտածում, ի՞նչն է նրան կապում կյանքին, ինչու՞ է շարունակում նստած մնալ բազմոցին։
Իր հեգնանքը, արդեն ատելություն դարձած, մեկ ուրիշի դուրս կհաներ տնից, բայց նա համառորեն մնաց կպած իր տանն ու ընտանիքին, թեև այդ բառն այն ժամանակ միայն ծիծաղ էր առաջացնում իր մեջ։ Ի՞նչ ընտանիք, իրենք մի ավելորդ ուտող բերան էին պահում։ Իսկ երբ ինքը մտածված կերպով ամուսնու առաջ քիչ ուտելիք էր դնում, էլի փոքրիկն էր իր բաժնից ավելացնում հոր ափսեի մեջ։
Հիմա Մարինը ամաչում էր իրենից, իր անհոգիությունից։ Մի՞թե այդքան քիչ էր իր մեջ սերը մարդու նկատմամբ։ Չտեսավ և չլսեց։
Ամուսնու թաղման օրն անսովոր շատ անձրև էր եկել, օդն ու հողը մաքրված էին, թարմացած, մի տեսակ զարմանալի էր, որ այդքան գեղեցիկ օրը մարդուն պետք է դնեին այդքան թարմ հողի մեջ, երբ շուրջն էլ ծաղկաբույր էր, բոլոր կողմերից շիրիմների վրա ծաղիկներ էին բացվել, խոնավության և փափուկ, ջերմ արևի տակ տաքացող ծաղիկները բուրում էին կենդանի, անմեռ բուրմունքով։ Ի՜նչ զարմանալի օր էր։
Իսկ երբ տուն վերադարձան, և ամուսնուն չտեսավ նստած բազմոցին, ասես մոռացել էր, որ նա արդեն հողի տակ է, անակնկալի եկավ։ Կարծես այդ մի քանի օրվա անհանգստությունները նրա առիթով չէին, աչքերը վարժված թեքվեցին դեպի բազմոցի անկյունը, և հանկարծ Մարինը զգաց, որ սիրտը թպրտաց, սիրտը բողոքեց, իր քարացած սիրտն ըմբոստացավ տիրոջ դեմ։ Ինքը ոչ միայն ամունուն չէր ճանաչում, այլև իր սիրտն ու հոգին իրեն անճանաչ։
Եվ այդպես սկսվեց իր և իր ներսի եղածի պայքարը, երբ ինքն ուզում էր ամեն բանի վրայից անցնել, մոռացության տալ, ներսից խանգարում էին, թույլ չէին տալիս, մատնացույց էին անում իր սխալները, իր գործերը, իր անսեր լինելը։
Այս սիրո պակասից գնաց ամուսինը։ Հիմա Մարինը հլու-հնազամդ ականջ է դնում իր սրտի ձայնին, և իր երկար տարիների կսկիծների պատասխանը հենց այդ գտնված բառն է։
Սիրո պակասը սպանում է մարդուն, ինչպես իր ամուսնուն, կսպանի նաև իրեն՝ Մարինին։
Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում