Ա. Գեւորգյան. կառավարությունը կաջակցի մսամթերքի արտահանման ծրագրերին

Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Ազատի, Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին: Տեղերում պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ ջրամբարների սպասարկման եւ տեխնիկական շահագործման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ապարանի ջրամբարում, որի ընդհանուր ծավալը 91 մլն խմ է, ներկայումս կուտակվել է 43,5 մլն խմ’ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35,7 մլն խմ-ի դիմաց: 70 մլն խմ ընդհանուր ծավալով Ազատի ջրամբարում կուտակվել է 37,3 մլն խմ’ նախորդ տարվա 41,8 մլն խմ-ի դիմաց:

Նշվեց, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, թե Ազատի, թե Ապարանի ջրամբարները լցնող հալոցքային հոսքերը դեռ սպասվում են: Ըստ պատասխանատուների’ ակնկալվում է, որ առաջիկա մեկ ամսում ջրամբարներում կուտակված ջրի ծավալներն էապես կավելանան:

Անցած տարի շահագործման հանձնված 24 մլն խմ ընդհանուր տարողությամբ Մարմարիկի ջրամբարն այս տարի եւս փորձարկման փուլում կգտնվի: Շահագործման տեխնիկական պահանջների համաձայն’ նորակառույց ջրամբարները ողջ ծավալով ջուր կարող են կուտակել միայն շահագործումից հետո երրորդ տարվա ընթացքում, իսկ մինչ այդ լցվում են որոշակի ծավալով’ պատվարի ամրությունն ստուգելու նպատակով: Զեկուցվեց, որ ներկայումս կուտակված է մոտ 6 մլն խմ, այս տարի, ըստ տեխնիկական չափանիշների, ջրամբարը կարող է լցվել միայն ընդհանուր ծավալի 2/3-ի չափով:

Այցի ավարտին Ա. Գեւորգյանը Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում ծանոթացավ անասնաբուծությամբ զբաղվող «Ագրոմիքս» ընկերության կարողություններին: Ընկերության ղեկավարները ներկայացրին ստեղծված հնարավորությունները, զարգացման ծրագրերը’ նշելով, որ հիմնական ուղղությունն անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացումն է եւ արտահանումը: Ինչպես կենդանի ոչխարի, այնպես էլ մսամթերքի արտահանման համար ընկերությունը հեռանկարային է համարում արաբական երկրների շուկան: Քննարկվեցին արտահանման հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը հավաստիացրեց, որ արաբական երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների գործունեության շրջանակում կառավարությունն աջակցություն կցուցաբերի արտահանման ծրագրերի իրականացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում