Ճախարակ
08/11/2017 14:40
Նմանատիպ
Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:
Տիգրանիկս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց:
Ջըվալ չունինք, չաթու չունինք,
Ոչ սամոտեն, ոչ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան:
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի՜ կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա:
Կարմիր օրս երբ սևացավ,
Պարտքս մնաց թեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ,
Եկավ, տարավ ամեն ինչ:
Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:
Ռաֆայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում