Մականունավոր քոուչ դաշնակահարը Երևանում է

Սվետլանա Եֆրիմովան մեկնաբանում է իր մականուններն ու գործունեությունը

«Առավոտը» քանիցս ներկայացրել է հյուրախաղորդ արվեստագետների, հատկապես՝ երաժիշտների, որոնք նշում են, թե աշխարհաքաղաքացի են եւ իրենց կյանքը մեծամասամբ անցնում է ինքնաթիռներում։

Օրերս Մոսկվայից Երեւան ժամանած դաշնակահար Սվետլանա Եֆրիմովան ոչ միայն հաստատեց իր աշխարհաքաղաքացի լինելը, այլեւ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ պայմանագրային հիմունքներով միաժամանակ հանդիսանում է Մեծ թատրոնի, Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի, Բեռլինի Deutsh opera-ի, Վիեննայի Stats opera-ի, Բրատիսլավայի օպերայի, վերջերս էլ՝ Երեւանի օպերային թատրոնի քոուչ դաշնակահարը։ Հավելենք, որ նա դասավանդում է Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում։

Ռուս երաժշտի՝ Երեւանում հայտնվելուն պես, տարածվեցին խոսակցություններ, թե Մոսկվայում ռուս քոուչ դաշնակահարի մականունը «պիտբուլ» է, իսկ Եվրոպայում՝ «Էսէս»: Մեզ հետ զրույցում Սվետլանա Եֆրիմովան հաստատելով դրանք, ասաց. «Իսկապես, ինձ կոչում են «պիտբուլ», քանի որ ամերիկյան այս շան ցեղատեսակին հատուկ են ուժեղ կամքը եւ նրանք աչքի են ընկնում իրենց համարձակությամբ ու մարտական ոգով, իսկ եվրոպացիները ինձ համեմատում են չափից ավելի խիստ բնավորությամբ օժտված գերմանացիների հետ»։ Դմիտրի Խվորոստովսկին, Սվետլանա Եֆրիմովան եւ Կոնստանտին Օրբելյանը:

Արվեստագետը հավաստիացրեց, որ իր կոնցերտմայստերի աշխատանքն սկսել է դեռեւս 14 տարեկանում, եւ հիմա արդեն ունի շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ։ 2000-ականների կեսերից որպես անձնական դաշնակահար աշխատում է հանրահայտ օպերային երգիչներ՝ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու, սոպրանո Աննա Սմիրնովայի եւ մեցցո-սոպրանո Յուլիա Մազուրովայի հետ։ «Ընդհանուր առմամբ, այս տասնամյակների ընթացքում համագործակցել եմ միայն շուրջ 40 օպերային երգիչների հետ, այդ թվում՝ նաեւ լիտվաբնակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի։ Ընդ որում, նա իր առաջին դերերգը՝ Թամարայի (Ռուբինշտեյն՝ «Դեմոն») պատրաստել է ինձ հետ։ Շուտով կհրատարակվի նաեւ մեր CD-ն։ Ինչ վերաբերում է Երեւանի օպերային թատրոնում իր գործունեությանը, արդեն հինգերորդ անգամ է՝ այստեղ եմ, աշխատանքներ են տարվում Մասսնեի «Մանոն» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաներն առաջին անգամ բեմադրելու ուղղությամբ։ Այս գործընթացին ընդգրկված եմ նաեւ ես։

Որպես coach դաշնակահար, Մոսկվայում ձեր հիանալի տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ պատրաստել եմ Նեմորինոյի դերերգը (Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք»), որով նա հանդես եկավ Քովեն Գարդեն օպերայում։ Այդ ժամանակահատվածում Լիպարիտը հրավիրված էր Մեծ թատրոն՝ Ալֆրեդի դերերգը (Վերդի՝ «Տրավիատա») կատարելու համար»,- հայտնեց դաշնակահարը։ Հասմիկ Գրիգորյանի հետ:

Մեր զրուցակիցը ներկայացնելով իր երեւանյան, մոսկովյան եւ եվրոպական գրաֆիկը, ասաց. «Անկասկած, մեծ ժամանակ է խլում մի երկրից մյուսը գնալը, բայց սիրում եմ մասնագիտությունը։ Այն, իհարկե, բարդ է, քանի որ՝ պատկերացրեք պատահում է, որ նույն ժամանակահատվածում, ասենք, հինգ երգչուհու եմ պատրաստում Կարմենի դերերգը։ Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է… Իսկ իմ մշտական երգիչների համար ես պարզապես նրանց ծնողն եմ»։ Ռեպլիկին, թե՝ անձնական կյանքը դրել է մի կողմ, արվեստագետը պատասխանեց. «Իմ կյանքը իմ երգիչներն են, դիրիժորներն ու ռեժիսորները։ Այսքանով ես երջանիկ եմ»։ Կեսլուրջ-կեսկատակ հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ դուք գիտեք ողջ օպերային գրականությունը, կամ գոնե 50 տոկոսից ավելին, Սվետլանա Եֆրիմովայի պատասխանը հակիրճ էր. «Ողջ ստեղծագործական կյանքում մենք սովորում ենք ու սովորում»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում