Նախարար Ամիրյանի պահանջն է, որ գրքի երևանյան առաջին փառատոնը շատ լավը լինի

«Սա Գրքի երևանյան առաջին փառատոնն է լինելու. որևէ բացթողում կամ թերացում ունենալու իրավունք չունենք։ Արդար և թափանցիկ մրցույթ անցկացնելուց բացի, այն պետք է շատ հետաքրքիր, շատ կազմակերպված, շատ, շա′տ լավը լինի»,- Գրքի երևանյան փառատոնի ( Yerevan Book Fest ) կազմակերպիչներին ընդունելիս ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանին հանձնարարելով ամեն օր հանդիպել «Միհր» միության ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե արդյո՞ք ամեն ինչ պատշաճ կերպով է արվում։

Նոյեմբերի 24-ից 26-ը նախատեսված փառատոնի կազմակերպիչը «Միհր» ստեղծագործողների միությունն է, աջակիցը՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:

Փառատոնի 3 օրերին ընթերցասերները հնա­րա­վո­րություն կու­նենան մասնակցելու մի շարք միջոցառումների, որոնք կանցկացվեն Հանրապետության Հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք)։

Նախագիծը բաղկացած է մի քանի փուլից. -Փառատոնի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսին տար­բեր հրատա­րակ­չու­թյուն­ների հնա­րա­վո­րու­թյուն կտրվի ցուցադրելու և վաճառելու իրենց հրատարակած գրքերը։ Կկազմակերպվեն նաև վերջին հրատարակությունների շնորհանդեսներ։

-Վար­պե­տու­թյան դասընթացների ժամանակ ստեղ­ծագործողները կտեղեկա­նան, թե ինչ ծրագրերի համար իրենց կարող է աջակցել մշակույթի նախարարությունը, ինչպես գրաշուկայում մատուցել գիրքը, ինչ­պես օգտվել միջազգային հնարավորություններից, ինչպես համագործակցել հրատարակչությունների և գրական գործակալների հետ և այլն։

-Հայ ժամանակակից գրականության ան­տիպ ստեղծագործությունների մրցույթը կազմում է նախագծի կարևոր մասը։ Հայտարարված մրցույթին մասնակցության հայտեր են ներկայացրել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։ Ստացվել է 132 հայտ։ Մրցութային ուղղու­թյուններն են՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն։

Հեղինակները մրցույթին ներկայացրել են ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական վեպը կամ 1/3 մասը, տասնհինգ բանաստեղծություն, մեկ պիես (համապատասխանաբար՝ նաև մանկապատանեկան գրականության անվանակարգում)։

Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորիզոնականներ) կստանան պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդի համար՝ 300 հազարական դրամ։ Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը։ Հոնորարի և գրքի հրատարակչական ու տպագրական ծախսերի բաշխումը կորոշեն գրողն ու հրատարակիչը՝ փոխադարձ համաձայնությամբ: Նախընտրած հրատարակչին դրամական պարգևի փոխանցումից հետո վերջինը պարտավորվում է առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի ստեղծագործական ժողովածուն կամ վեպը (որում պետք է ներառված լինեն հայտով ներկայացված ստեղծագործությունները ևս)։

Մասնագիտական ժյուրին և նախապես գրանց­ված ընթերցողներն այժմ գնահատում են ներկայացված հայտերը՝ արդյունքում ընտրելով անվանակարգերի հաղթողներին։

Հանձնաժողովն ունի 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք:

Վերջինները գրանցվել են Yerevan book fest-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի կլինեն մինչև արդյունքների հրապարակումը:

Հանձնախմբից գաղտնի են պահվում մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ: Փառատոնը հենց գրողի՛ն է հնարավորություն տալիս ներկայանալու, հաղթելու և հետո միայն ընտրելու իր հրատարակչին։

Հիմնական միջոցառումներից զատ կլինեն նաև երաժշտական ընդմի­ջում­ներ, ինչն ավելի ջերմ և մտերմիկ մթնոլորտ կստեղծի։ Նախագծի միջոցով ընթեր­ցող­ները կծանոթանան գրախանութների գտնվելու վայրերին, ավանդական գրական միջոցառումների ժամանակագրությանը և աշխարհագրությանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում