Աշխարհը ճգնաժամի նոր փուլ է թևակոխում

Կարծես չեն արդարանում լավատեսական այն սպասումները, որ միջազգային շուկայում հումքի գների նվազումը շուտով կդադարի: Հայաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող պղնձի գինը շարունակում է կտրուկ նվազել:

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ գործարքների վերջում Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի մեկ տոննայի գինը գրեթե հասավ 7 հազար դոլարի: Փետրվարին այդ ցուցանիշը 8 հազար 300 դոլար էր: Արդեն 2.5 ամիս պղնձի գինը նվազում է: Սա կարող է հիմք տալ պնդելու, որ աշխարհը կրկին թևակոխում է ճգնաժամի փուլ այնպես, ինչպես 2008-ին: Այդ տարի ընդամենը 6 ամսվա ընթացքում պղնձի գինը 8.5 հազար դոլարից նվազեց մինչև 3 հազար դոլարի: Իհարկե, պղինձը հետագա 7-8 ամիսների ընթացքում վերականգնեց իր գինը, սակայն դա բավարար եղավ, որպեսզի կործանիչ ազդեցություն ունենա ՀՀ տնտեսության վրա: Եվ դրա պատճառն այն է, որ մեր տնտեսությունը չափազանց մեծ կախում ունի պղնձի միջազգային գներից: Հայաստանի թե՛ արդյունաբերության և թե՛ արտահանման մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը հսկայական է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում