Դեյվիդ Նեբելը հայ հանդիսատեսի համար Կոմիտասի «Կռունկ»-ն է կատարել
Նմանատիպ
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուր շվեյցարացի ճանաչված ջութակահար Դեյվիդ Նեբելը նախօրեին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարել է Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ եվրոպական դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ Նեբելը նաև անակնկալ է պատրաստել հայաստանցի ունկնդրի համար. ելույթից հետո հանդիսատեսի չդադարող ծափողջույններին ջութակահարը պատասխանել է Կոմիտասի «Կռունկի» կատարմամբ։
«Երբ իմացա՝ գալու եմ Հայաստան, փնտրում էի որևէ բան, որ ներկայացնեմ։ Լսեցի Կոմիտասի գործը և ցանկացա այն կատարել: Սա շատ յուրահատուկ ստեղծագործություն է»,- համերգից հետո խոստովանել է Նեբելը:
Խոսելով հայաստանյան ելույթի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Դեյվիդ Նեբելը նշել է. «Հիասքանչ հանդիսատես է: Ինձ համար շատ հուզիչ էր ելույթ ունենալ: Ես Հայաստանում հրաշալի ժամանակ անցկացրի՝ հրաշալի երաժիշտների ու ֆանտաստիկ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Մեր օրերում դժվար է նրա նմանին գտնել:
Նա յուրահատուկ է, մեծ հաճույք ու պատիվ էր մեկ բեմում ելույթ ունենալ նրա հետ: Իսկ նվագախումբը պարզապես ֆանտաստիկ էր: Ես մեծ սիրով նորից ելույթ կունենամ նրանց հետ»,- ասել էՆեբելը` ավելացնելով, որ վաղուց էր տեղյակ Խաչատրյանի փառատոնի մասին, ընկերներից շատերն են փառատոնի շրջանակներում ելույթ ունեցել:
Նա նաև նշել է, որ Խաչատրյանը շատ հայտնի է Շվեյցարիայում, Եվրոպայում, իսկ ինքը կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը:
Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան։
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում