«Մեր ֆուտբոլի հավաքականը կհաղթի, եթե հնչի Խաչատրյանի օրհներգը»
Նմանատիպ
Օրերս Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացած «Խաչատրյանն ու ջազը» նախագծի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Արմեն Հյուսունցի ղեկավարությամբ եւ ջազմեն Վահագն Հայրապետյանի մշակմամբ ու մեկնաբանմամբ, հնչեցրեց Սովետական Հայաստանի հիմնը, որն ընդունվեց բրավոներով։
«Առավոտի» հարցին, թե՝ խաչատրյանական այլ ճանաչված երկերի շարքում ի՞նչ անհրաժեշտություն կար հնչեցնել անվանի կոմպոզիտորի 1944 թ. ստեղծած հիմնը, որն «ապրեց» մինչեւ 1991 թ., Վահագն Հայրապետյանը պատասխանեց. «Որքան կարելի է հնչեցնել Բարսեղ Կանաչյանի երաժշտությամբ ու Միքայել Նալբանդյանի տեքստով 1859 թ. գրված «Երգ իտալացի աղջկա» գործը։Կամ 1897 թ. ստեղծած Գլազունովի «Ռայմոնդա» բալետի 3-րդ գործողության մեղեդին։ Ընդ որում, երկու դեպքում նույն երաժշտությունն է, այսինքն՝ ներողություն եմ խնդրում, բայց հայտնի է «Մեր հայրենիք, թշվառ, անտեր…» երգի առաջին տողով։
Ուշադրություն դարձրե՞լ եք, այս հիմնի ժամանակ, քանի որ մեղեդին վար է ընթանում, մենք ակամա խոնարհում ենք գլուխներս, մինչդեռ խաչատրյանական օրհներգի վերընթաց մեղեդու հնչյունների ներքո հպարտորեն բարձրացնում էինք գլուխներս…»։ Ջազմենը հավաստիացրեց, որ խաչատրյանական երաժշտությունը կոդ ունի, որը համեմված է շարականներով։
Ի վերջո, այն գրվել է Հայաստանի համար, կապ չունի՝ սովետական, թե անկախ։ Մեր զրուցակիցն այնուհետեւ կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեց. «Մեր ֆուտբոլի հավաքականը կհաղթի, եթե համոզված լինեն, որ հնչելու է Խաչատրյանի օրհներգը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում