«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում Հայաստանում է «Էմերսոն» լարային քառյակը

«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում Հայաստանում է «Էմերսոն» լարային քառյակը

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր լուսադեմին Հայաստան են ժամանել «Գրեմմի»-ի 9-անգամյա մրցանակակիր հանրաճանաչ «Էմերսոն» լարային քառյակի անդամներ Յուզին Դրուքերը, Լոուրենս Դաթընը, Ֆիլիպ Զեթցերն ու Փոլ Ուոթքինզը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Սա նրանց առաջին այցելությունն է Հայաստան: Փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը համերգին նախորդած՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց՝ այսօրը Հայաստանի մշակութային կյանքում պատմական օր է, հատկապես, որ այս քառյակին Հայաստանում տեսնելու համար երկար տարիներ են բանակցել:

«Բազմաթիվ հայ ընկերներ ունենք, ովքեր մեզ միշտ քաջալերել են ու ասել, որ պարտադիր պետք է գանք Հայաստան: Երջանիկ ենք, որ վերջապես այստեղ ենք», – հանդիպման ընթացքում նշեց ջութակահար Ֆիլիպ Զեթցերը, ով Հայաստանի մասին առաջին անգամ լսել է մանուկ հասակում՝ ծնողներից, ովքեր 1965 թվականին իրենց նվագախմբի հետ միասին Հայաստանում ելույթ են ունեցել:

Հայաստան գալուց առաջ երաժիշտները մանրակրկիտ ուսումնասիրել ու մոտավոր պատկերացում են կազմել մեր երկրի աշխարհագրական դիրքի մասին: Ի զարմանս իրենց՝ բացահայտել են՝ Հայաստանն ունի հնագույն մշակույթ, քիրստոնեության ծննդավայրն է, սեփական գիր ու գրականություն ունի, ինչով էլ առանձնանում է աշխարհի շատ ու շատ երկրներից:

Ջութակահար Յուջին Դրուքերն իր խոսքում հիշեց հայազգի ջութակահար Իվան Ղալամյանին, ով ժամանակին ԱՄՆ-ում ամենաազդեցիկ ջութակի ուսուցիչներից է եղել, կրթել ու դաստիարակել է մի քանի սերունդ: Նրա սաներից են Պինկաս Ցուկերմանը, Իցակ Պերլմանը և այլք:

Ի դեպ, «Էմերսոնի» անդամներից թավջութակահար Փոլ Ուոթքինզի կնոջ հայրը Ղալամյանի աշակերտներից է եղել:

Ծագումով բրիտանացի թավջութակահարը կարևոր համարեց այն հանգամանքը, որ աշխարհը սփռված է ճանաչված ու տաղանդավոր հայերով, ովքեր բավական մեծ ազդեցություն են ունեցել նաև իր կյանքում. նրանց թվում մտաբերեց երաժիշտներ Անի և Իդա Կավաֆյան քույրերին, ալտահար Քիմ Քաշքաշյանին, Լևոն Չիլինգիրյանին…

Քառյակի երկու անդամները Հայաստանից կմեկնեն հենց այս գիշեր՝ համերգից հետո, մյուս երկու անդամները նոյեմբերի 12-ին կհյուրընկալվեն «Բյուրական» արվեստի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ սա «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նախավերջին համերգային ծրագիրն է: Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում