Արմեն Մարտիրոսյանը՝ ԱՄԷ երջանկության նախարարության և գրքի հեղինակավոր տոնավաճառի մասին
Նմանատիպ
Աշխարհում անցկացվում են հեղինակություն վայելող մշակութային միջոցառումներ, որոնցից որոշներին Հայաստանը վերջերս է սկսել մասնակցություն ունենալ։ Խոսքն այս դեպքում Միացյալ Արաբական Էմիրություններում՝ Շարժայում, ավելի քան երեք տասնամյակ անցկացվող գրքի միջազգային տոնավաճառի մասին է։
Ի դեպ, ԱՄԷ-ում միայն վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը եւ դրա շնորհիվ բացվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, հիմնվել են աշխարհի տեխնիկական առաջավոր կազմակերպությունների գիտատեխնիկական կենտրոններ։
Իսկ այս ամենի առանցքում, բնականաբար, գիրքն է։ Շարժայի գրքի միջազգային նախորդ եւ այս տարի վերջերս կայացած 36-րդ տոնավաճառում մասնակցության հրավեր է ստացել «Անտարես» հրատարակչությունն ու Առաջին գրական գործակալությունը՝ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
«Առավոտի» հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք երկրորդ անգամն են մասնակցում արդեն 7 տարի Շարժայի կառավարիչ, շեյխ Ալ Քասիմիի հրավերով անցկացվող հրատարակչական ոլորտի մասնագետների համաժողովին։ Հավելեց նաեւ, թե նպատակն է՝ իր ձեւակերպմամբ, Արաբական Էմիրությունները դարձնել աշխարհի մշակութային ու կրթական կենտրոններից մեկը, որպեսզի Էմիրությունն ապահովի որդեգրած ամենակարեւոր ձգտումը, այն է՝ իր քաղաքացու երջանկությունը։
«Հենց այնպես չէ, որ ԱՄԷ-ում 2016 թ. բացվեց Երջանկության նախարարությունը եւ այս տարի էլ նրանք մի քանի քայլ առաջ գնալով հիմնեցին Արհեստական բանականության նախարարությունը, ինչը կծառայի գիտությանը, ժողովրդին, պետությանը, մարդուն»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 1950-ականներին, երբ Էմիրությունները ընդամենը անապատ էին՝ իրենց աղքատ ժողովրդով եւ արդեն այն ժամանակ ղեկավարները ծրագրել էին քաղաքականություն, որը, փաստորեն, բերեց այսօրվա ծաղկմանը։ Եվ որ ամենակարեւորն է՝ այս ամենի հիմքում գիտելիքն է ու վերջինիս արժեւորումը։
Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե՝ ինչո՞վ զարմացրեց «Անտարեսը» հրավիրված շուրջ 250 հրատարակիչներին, մեր զրուցակիցը ներկայացրեց հեղինակավոր publisherweekly.com պարբերականում տպագրված հետեւյալ միտքը. «Հրատարակիչներից հատկապես մեկը մեծ ուշադրություն գրավեց եւ հետաքրքրություն առաջացրեց մի շարք գրքերի նկատմամբ։ Դա Արմեն Մարտիրոսյանն է՝ Հայաստանում գործող «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավարը։ Նրա գլխավորած ընկերությունը ներկայացնում էր արտադրանքների ամենաընդարձակ շրջանակը՝ ընդգրկելով այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են ֆրանսիացի Միշել Ուելբեքի գրական թարգմանությունները, մարդու մարմինը ներկայացնող գիրքը երեխաների համար, վիրտուալ իրականությամբ խաղը, որտեղ հերոսը հայտնվում է եգիպտական դամբարանում եւ այլն»։
Ռեպլիկին, թե՝ հավանաբար, փոխշահավետ առաջարկներ էլ են եղել, պարոն Մարտիրոսյանը հետեւյալն ասաց. «Արդյունքում եւս մի կամրջի նախագիծ մշակվեց շրջափակման մեջ գտնվող մեր պետության համար՝ դեպի աշխարհ։ Պետք է հասկանանք մի բան, որ մեր որոշ գործընկերների համար Հայաստանը ինովացիաների երկիր է»։
Հետաքրքրությանը՝ ինչ է կարծում՝ մեր եւ ԱՄԷ-ի մշակույթը որեւէ աղերս ունե՞ն, հրատարակիչը պատասխանեց. «Մերը խորն է, նրանցը՝ ոչ, միգուցե ոչ այդչափ, բայց, ցավոք, մերը հետ է նայում, նրանցը՝ առաջ։ Մի բանում, սակայն, համոզված եմ, թե առաջիկայում մեզ սպասվող խաղաղությունը արմատապես փոխելու է իրավիճակը ու մենք արդեն կնայենք ոչ միայն առաջ, այլ նաեւ՝ հեռու»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում