«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին
Նմանատիպ
«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարեւոր փոփոխություններ են իրականացվել: Ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաեւ իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ, եւ կվերաբացվի մրցույթին ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտեւի 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձեւավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն եւս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում