ՀԿԱ-ի անունից ինքնակոչ գործիչները ապատեղեկատվություն են տարածել

Նախօրեին Times.am-ի խմբակցությունը հաղորդագրություն էր ստացել, որտեղ գրված էր.  

«Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները’ իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը’ ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները:

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար: Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում << Հայ Ազգային Կոնգրես>> դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»:

Սակայն Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը պատասխան հայտարարությամբ հանդես եկավ, որով տեղեկացնում էր, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որևէ կապ չունի:

ՀԱԿ-ից տեղեկացնում են, որ.

1. Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը և ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը և նրա խմբակցությունը:

2. Որևէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ’ Արդարադատության նախարարության կողմից նաև գրանցված է պաշտոնական խորհրդանիշ /լոգոտիպ/, որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:

3. «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ և համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):

4. «Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության որոշումներ և հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի և քարտուղարի կողմից’ կանոնադրությամբ հաստատված կարգի և լիազորությունների հիման վրա:

5. Հայ Ազգային Կոնգրեսի անունից որևէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների և կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում