Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերն անհիմն են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին:

Այդ տեղեկությունները զուրկ են որեւէ հիմքից եւ չեն համապատասխանում իրականությանը: Ու մեկ անգամ եւս ստիպված ենք ցավով փաստել, որ որոշ լրատվամիջոցներ չեն ծառայում իրենց նպատակին, որը լուր տալն է, ոչ թե ապատեղեկատվություն տարածելը:

Ոստիկանության վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու լավագույն միջոցը նույն ոստիկանությանը դիմելն է: Եվ մեր պարզաբանումները տրվում են անհապաղ ու լիարժեք: Բայց, ըստ երեւույթին, հիշյալ լրատվամիջոցներն առաջնորդվում են միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու նկատառումներով:

Սթափվե՛ք:

Ձեր տարածած ապատեղեկատվությունը ոստիկանության հեղինակությանը չի վնասում, որովհետեւ ճշմարտությունը միշտ զորավոր է ստից: Վնասում է ձեր հեղինակությանը, մոլորության մեջ է գցում ընթերցողին ու հասարակությանը եւ, բումերանգի պես, կրկին վերադառնում ձեզ՝ անհավատության ու անվստահության տեսքով:

Կրկին հիշեցնում ենք՝ հավաստի տեղեկատվություն հրապարակելու լավագույն միջոցը իսկապես իրազեկ եւ պատասխանատու աղբյուրի հետ համագործակցելն է, տվյալ դեպքում՝ ոստիկանության, որը միշտ պատրաստ ու բաց է ազնիվ գործընկերության համար:

ՀՀ ոստիկանություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում