Պետք է գնանք օպերայում կանգնենք, որ ասեն հայրենասե՞ր ենք.Արմեն Երիցյան

Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը կարծում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի լեզուն սայթաքել է, երբ իր մասին ասել է, թե «կարող է հոյակապ նախարար լինել, բայց ոչ մի բանի պիտանի քաղաքապետ»: 

«Չեմ կարծում, որ ինքը այն կատեգորիայի մարդկանցից է, որ պետք է գնա ինչ-որ մեկին սապոնվի: Նորմալ մարդ է, լեզվի սայթաքում է պարզապես: Ես հարգում եմ Խոսրով Հարությունյանին, բայց այնպես չէ, որ նրա գնահատականն ինձ համար ճակատագրական է: Թե ինքն ինչ է մտածում, դա իր խնդիրն է: Իսկ լեզվի սայթաքում բոլորի մոտ կարող է լինել»,- Aravot.am-ին ասել է պարոն Երիցյանը:

Այն հարցին, թե չի՞ մտահոգում, որ, ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունների օգտին ձայներ ապահովելու նպատակով արդեն անձնագրային տվյալներ են սկսել հավաքագրվել ու ընտրակաշառքի առաջակներ արվել. «Բացարձակապես ոչ: Մեր երեւանցիներն այնքան են զարգացել, որ լսում են, ստանում են հանձնարարականները, բայց անում են այն, ինչ գտնում են ճիշտ է: Այսօր ո՞ւմ պետք է գտնեն, որ նախարարի պաշտոնից գալիս է եւ ասում՝ թույլ տվեք չարչարվեմ: Նախարարի պաշտոնը թողնում եմ եւ գալիս եմ չարչարվելու»:

Պարոն Երիցյանը ասաց, որ քաղաքի խնդիրներով մտահոգված է, բայց եթե քաղաքապետ չընտրվի այդ խնդիրները լուծելու համար ավագանու կազմում չի աշխատի. «Այո, ես ունեմ ամբիցիաներ: Ես պետք է լինեմ միայն քաղաքապետ: Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում…ինչի՞ համար եմ խաղում, անում, որ գամ ասեմ՝ ես եկել եմ պարտվելո՞ւ: Ես գիտեմ, որ հաղթելու եմ»:

Անդրադառնալով ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի քննադատությանը, որ եթե ՕԵԿ-ը մտահոգված է Երեւանի խնդիրներով՝ թող գործնականում ցույց տան, գան ու կանգնեցնեն Դալմայի այգիներում իրականացվող շինարարությունը, Օպերայի շրջակայքում իրականացվող շինաշխատանքները, պարոն Երիցյանն ասաց. «Իսկ ի՞նչն է պատճառը, որ նրանք ուզում են, որ մենք իրենց կողքին կանգնենք: Թող գան իմ կողքին, մեր՝ ՕԵԿ-ի կողքին կանգնեն եւ այն խնդիրները, որ մենք ենք լուծում մեր հետ միասին լուծենք: Նրանք ինչո՞վ են մեզնից լավը: Անպայման պետք է գնանք օպերայում կանգնենք, որ ասենք հայրենասե՞ր ենք…Ես կարծում եմ, որ պետք է գան ՕԵԿ-ի կողքին կանգնեն, եւ մենք միասին կարող ենք անել ավելին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում