Մկրտիչ Մինասյան.Ավագանու որևէ նիստի ժամանակ ԲՀԿ-ն հակադիր դիրքորոշումներ չի հայտնել

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ընթանում է օրենքի տրամաբանության սահմաններում:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և Երևանի ավագանու ընտրություններին ասաց ԱԺ ՀՀԿ-ի խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:

«Ես բարձր եմ գնահատում Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը, տարիների ընթացքում նա աշխատելով որպես փոխքաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Կարեն Կարապետյանի հետ մեծ փորձառություն է ձեռք բերել քաղաքի կառավարման գործում»,-ասաց նա և հավելեց` «Երևանի ավագանու ընտրությունների «գունապնակը» բավականին հագեցած է և դրանով քաղաքական դաշտն ավելի համընդհանուր տեսք է ստանում: Քարոզարշավն ընթանում է օրենքի տրամաբանական սահմաններում: Քաղաքական ընկալումները, կարծես թե, չափազանցված չեն, բացառությամբ առանձին անհատների»:

Ըստ Մինասյանի` Երևանում բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել կանաչապատման, կառուցապատման և ճանապարհների բարեկարգման առումով: 

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին Մինասյանը կարծիք հայտնեց, որ որոշ հարցերի շուրջ ընդդիմությունը կարող է ընդհանրություններ ունենալ, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման հնարավորություն ինքը չի տեսնում:
«Տեսնելով այսօրվա քաղաքական ընթացքը ընդդիմության միավորման հնարավորությունները ես փոքր եմ համարում»,-ասաց Մ. Մինասյանը:

Նրա խոսքերով, Երևանում 4 տարի է, որ գործում է ավագանու ինստիտուտը և ինքը չի հիշում ավագանու որևէ նիստ, որի ժամանակ ԲՀԿ-ն կտրականապես տարբերվող կամ հակադիր դիրքորոշումներ հայտներ այդ նիստերի ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում