Օզբիլիսի՝ «Ես թուրք չեմ, հայ եմ» հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի վերջին հարցազրույցը մեծ ուշադրության է արժանացել նաև Թուրքիայում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կրասնոդարյան հեռուստաալիքներից մեկի մարզական հաղորդման ժամանակ Օզբիլիսը, պատասխանելով հաղորդավարների հարցերին, նշել էր, որ ինքը թուրք չէ, հայ է։ Օզբիլիզի այս խոսքերին, ինչպես հայտնում է Թուրքագիտական պորտալը, անդրադարձել է թուրքական առաջատար լրատվամիջոցներից «Միլիյեթը»։ «Թուրքիայում ծնված Արազ Օզբիլիսը Հայաստանում (իրականում հաղորդումը ռուսաստանյան է, «Միլիյեթը» սխալվել է-խմբ.) մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, որ իրեն թուրք չի ճանաչում», – նշվել է թուրքական լրատվամիջոցի հոդվածում։ Այնուհետև հոդվածում ներկայացվել է Արազի հարցազրույցն ու հակիրճ նշվել է նրա անցած ֆուտբոլային ուղին։ Sportnews-ի փոխանցմամբ այս հոդվածը մեծ արձագանք է գտել «Միլիյեթի» ընթերցողների շրջանում, որոնց շրջանում եղել են ինչպես թուրք ազգայնամոլներին բնորոշ մտքեր արտահայտողներ, այնպես էլ Արազի խոսքերը պարզ ճշմարտություն համարողներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում