Պոլիտեխնիկը պատճառ դարձավ, որ երաժիշտ դառնամ. Երվանդ Երզնկյանը նշում է 70-ամյակը
Նմանատիպ
ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը նշում է իր 70-ամյակը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Մաեստրոյի հոբելյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյակի առթիվ նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա տոնական համերգ, որին կմասնակցեն Սոնա Ռուբենյանը, Էմմա Աստարյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյան, Քրիստինե Պեպելյանը, Մաշա Մնջոյանը և ուրիշներ:
Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Երզնկյանն անկեղծացավ՝ երաժիշտ դառնալու պատճառ է դարձել պոլիտեխնիկում սովորելը:
«Ես մեծացել եմ երաժիշտների և դերասանների տանը: Ծնողները հաճախ չեն ուզում, որ երեխան էլ դառնա երաժիշտ, թեպետ կան նաև ծնողներ, որոնք ասում են՝ չէ, սա դինաստիա է, պիտի անպայման շարունակվի: Այդ հասակում չես ուզում գամմաներ նվագել, ուզում ես ֆուտբոլ խաղալ, այդպես էլ եղավ ինձ հետ: Ես, ճիշտ է, ավարտեցի յոթնամյակը, բայց ավարտելուց հետո ասացի՝ էլ երաժշտությամբ չեմ զբաղվի»,- պատմեց նա:
«Մաթեմատիկայից ուժեղ լինելով»՝ Երզնկյանը դիմել է Պոլիտեխնիկական համալսարան, այնտեղ ստեղծել են «Երազնողները» ռոք խումբը, որի մասին 50 տարի առաջ նկարահանված ֆիլմը գտնվեց վերջերս: Կյանքի հետագա ընթացքը տրամաբանորեն պարզ էր ու հասկանալի՝ բանակ-կոնսերվատորիա: Մաեստրոն նշեց՝ որոշակի գիտելիքներ ունենալով՝ ավելի հեշտ էր կոնսերվատորիայում սովորելը, բայց նաև դժվար էր, քանի որ ուներ ընտանիք, որին պահել էր պետք:
Երզնկյանն իր ուսանողներին դաստիարակում է ոչ միայն երաժշտական միջավայրում, այլև՝ որպես մարդ: Նա վստահ է՝ որակյալ երաժշտությունն իր հասցեատերն ունի:
«Պապսա լսողներն ամեն տեղ շատ են, իսկ Հայաստանում կա մի զանգված, որը ջազ է լսում: Եթե ջազ ես նվագում, պիտի լինեն մարդիկ, որ այն լսեն: Եթե երաժիշտները երկրից դուրս են գալիս, դա պետք չէ տրագեդիա դարձնել: Երաժշտությունն այնպիսի բան է, որ պահանջում է լայն աշխարհընկալում, այն փոխվում է, երբ մի անգամ դուրս ես գալիս»,- ասաց նա:
Երզնկյանը նաև ընդգծեց օրինաչափ մի հակասություն՝ որքան վատ ենք ապրում, այնքան շատ տաղանդներ են ծնվում մեր երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում