Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին նվիրված համերգ կլինի. Մանրամասնում է որդին

Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին նվիրված համերգ կլինի. Մանրամասնում է որդին

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու ջազ-համերգ՝ նվիրված ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին:

Համերգին ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ համագործակցել են Արմեն Թութունջյանի հետ՝ նվագելով դեռևս 1992 թվականին նրա կողմից հիմնադրված «Չիկոն և ընկերները» ջազային խմբում:

«Թե կոնկրետ ում մտահղացումն է համերգային այս երեկոն, կդժվարանամ մատնանշել:

Կարծում եմ՝ այստեղ կարևորն այն է, որ հորս բոլոր երաժիշտ ընկերները համախմբվեցին համերգ կազմակերպելու գաղափարի շուրջ, ու իր մահվանից ընդամենը օրեր անց մշակույթի նախարարի մոտ արդեն քննարկում էինք կազմակերպման հարցերը: Համերգը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում նախարար Արմեն Ամիրյանին», –Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ջազմենի որդին՝ Հայկ Թութունջյանը:

Ի դեպ, Հայկ Թութունջյանն արդեն մի քանի ամիս է՝ աշխատանքի բերումով Մոսկվա է տեղափոխվել: Նկատառմանը՝ դժվար չէ՞ այդ հարցերը կարգավորել հեռավորությունից, պատասխանեց.

«Ճիշտ է՝ կազմակերպչական հարցերով զբաղվում եմ անձամբ, սակայն համերգի կազմակերպման տարբեր հարցերում ինձ շատ են օգնում հորս և իմ ընկերները, հարազատներս: Դա անգնահատելի աջակցություն է, ինչի համար ես երջանիկ եմ:

Ընդհանրապես, երջանիկ և հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ հորս հիշատակին նման համերգ կազմակերպել»:

Մոտ 2 ժամ տևողությամբ երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբն ու Հայաստանի հանրային ռադիոյի ջազ նվագախումբը:

Բեմում կլինեն նաև Արմեն Թութունջյանի աշակերտներն, ովքեր այսօր արդեն կայացած ու ճանաչված երաժիշտներ են, ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանն են ներկայացնում արտերկրում:

«Համերգի ընթացքում կհնչեն հորս սիրելի բոլոր ստեղծագործությունները: Կհնչեն նաև ստեղծագործություններ, որոնք հենց նա է հեղինակել… Ծրագիրն առավել չեմ մանրամասնի, միայն կասեմ, որ հանդիսատեսին հիանալի ջազային երեկո է սպասվում:

Վստահ եմ, որ Արմեն Թութունջյանի ընկերները, երկրպագուները և, առհասարակ, ջազի սիրահարները մեծ բավականություն կստանան և դրական լիցքերով կհեռանան համերգասրահից», – եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում