Հասմիկ Պողոսյանը նոր կառավարության կազմում չէ՞

Առաջիկա օրերին կձեւավորվի Հայաստանի նոր կառավարությունը: Մամուլում առավարության նոր անդամների բազմաթիվ անուններ են շրջանառվում: Yerkir.am-ի տեղեկություններով’ նոր կառավարության կազմում տեղ չի հատկացվելու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Պողոսյանի պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց արդեն սկսեցին շրջանառվել նրա փոփոխման մասին տեղեկություններ, սակայն թեեւ մշտապես այս հարցը շոշափվում էր, միայն իրեն հայտնի պատճառներով նա շարունակում էր պաշտոնավարել: Այս անգամ, կարծես, Պողոսյանի գնալ-մնալու հարցը հանգուցալուծում է ստանում: Սակայն տիկին նախարարը անգործ չի մնա: Մեր տեղեկություններով’ Հասմիկ Պողոսյանը կնշանակվի Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն:

Ի դեպ, թատրոնում ընթանում են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ամբողջովին արդիականացվել է թատրոնի բեմական մեխանիզմը, ներդրվել են ժամանակակից բարձրակարգ լուսային ու ձայնային թվային կառավարման համակարգեր: Ամբողջովին փոխվել են բեմի եւ նվագախմբի’ 1090 քմ տախտակամածը, դեկորացիոն շարժաձողերը: Տեղադրվել եւ մոնտաժվել են հիմնական բեմական հարթակի շարժիչները՝ կից փոխանցվող համակարգով: Ներդրվել են նաեւ պրոֆեսիոնալ բարձրակարգ բարձրախոսներ, ռադիոհամակարգ, հեռուստատեսային մոնիտորներ եւ այլ սարքավորումներ: Նախատեսվում է թատրոնը վերաբացել ապրիլի վերջից՝ նոր տնօրենով: Այնպես որ’ նախարարը «կերգի» բոլորովին նոր բեմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում