Կապիկն ու ակնոցները

Կապիկն ու ակնոցները

Ծերացել էր կապիկը,
Լավ չէր տեսնում պապիկը․
Առավ ակնոց
Մի ողջ կապոց։
Ակնոցները փոքր ու մեծ՝
Ձեռքին շուռ ու մուռ տվեց․
Մին դնում էր իր գլխին,
Մին էլ՝ պոչի մեջտեղին․
Մին լիզում է, թքոտում,
Մին էլ սրբում, հոտոտում։
Հա փորձում է, հա փորձում,
Բայց ակնոցը չի գործում․
Էն պսպղուն ապակին
Լույս չի տալի պապիկին։
-Կորչեն,-գոռաց,-ջուխտ ու կենտ․
Նա է հիմար, նա է խենթ,
Ով լսում է այդ խոսքին,
Մարդկանց հազար մի ստին։
Սրանց մասին 
Ինչ որ ասին,
Սուտ է, սուտ։
Էս ապակին 
Խավար աչքին
Ի՞նչ օգուտ։-
ՈԻ կապիկը՝
Ծեր պապիկը
Խորը վշտով ակնոցները
Էնպես խփեց չոր քամին,
Որ ջուր կտրած փշրանքները
Կանաչ-կարմիր կապեցին։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ  (Խնկո Ապեր)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում