Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները

«Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում նոյեմբերի 18-ին տեղի կունենա ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Էդիթ Պրինտի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերջինս բնօրինակից հայերեն թարգմանվել և լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ:

Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ:

«Հայաստանում բոլորը կարդացել և սիրում են «Փոքրիկ Իշխանը», սակայն այնքան էլ ծանոթ չեն Էքզյուպերիի մյուս գործերին, որոնք գեղարվեստորեն ընդհանրապես չեն զիջում «Փոքրիկ Իշխան»-ին: «Մարդկանց երկիր»-ը թարգմանվել է սովետական տարիներին, այն էլ ռուսերենից, և ընդհանրապես այդ գրքից օրինակներ չեն էլ մնացել, որ մարդիկ ձեռք բերեն և կարդան:

Կարիք ու պահանջարկ կար բնագրից թարգմանված բարձրորակ գրականության»,- նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ «Մարդկանց երկիր» գրքում նկարագրություններ կան, որտեղ մարդիկ կարող են նշմարել «Փոքրիկ Իշխան»-ի նախապատմությունը:

«Մարդկանց երկիր»-ն առանձնահատուկ է իր ոճով: Այս գործում Էքզյուպերին նույնիսկ մանրուքներում դուրս է բերում գեղեցիկը, ճշմարտությունն ու ամենակարևորը տեսնում պարզ բաների մեջ, ու ամեն ինչ պարզ լեզվով ասում»,-նշում է Կարապետյանը:

Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը հաջորդաբար թարգմանվում են հայերեն: Շուտով գրքերը լույս կտեսնեն ու կդրվեն հայ ընթերցողի սեղանին:

«Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում