Ինչպես բալետը տեղափոխվեց մետրոպոլիտեն

Ինչպես բալետը տեղափոխվեց մետրոպոլիտեն

Ֆլեշմոբի միջոցով հասարակությանը բարձր արվեստին հաղորդակից դարձնելը նորություն չէ: Բայց այն, ինչ կատարվեց օրերս Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում, իսկապես ցնցել էր ուղեւորներին:

Ազգային օպերային թատրոնի բալետի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզի Փիրումյանը Կարմենի կերպարով «Բարեկամություն» կայարանից ուղեւորվել էր «Հանրապետության հրապարակ», դուրս եկել գնացքից ու սպասասրահում հանդես եկել հանրահայտ Բիզե-Ռոդիոն Շչեդրինի Կարմեն սյուիտից հերոսուհու մենապարով:

Առաջին անգամ մեզանում անցկացվող նման ֆլեշմոբն իրականացնողը երիտասարդ լուսանկարիչ Տիգրան Առաքելյանն է, որն «Առավոտին» ասաց, թե իր եւ օպերային թատրոնի մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանի այս գաղափարը ողջունել են մշակույթի նախարարությունն ու մետրոպոլիտենի ղեկավարությունը:

«Տեսանյութից ավելի կարեւորում եմ լուսանկարները, որոնք, ինչպես բալետարվեստը, համամարդկային լեզու են: Աշխատել եմ լուսանկարներիս բալետին հատուկ շարժում հաղորդել, կարծում եմ՝ ստացվել է, որովհետեւ սոցցանցերում աժիոտաժ է առաջացել»,- համոզված է լուսանկարիչը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում