Կառավարությունը հավանություն է տվել 2012-ի բյուջեի կատարման հաշվետվությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 23-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնց հիման վրա հաշվետվությունը կլրամշակվի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է օրենքի ծածկագրերը համապատասխանեցնել ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի 5-րդ խմբագրությանը։

Նիստում հավանության են արժանացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը, որոնք, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, որակապես առաջընթաց քայլ կապահովեն ոլորտի բարեփոխման ուղղությամբ։ «Բուռն քննարկումը դեռ առջևում է, – հավելել է վարչապետի պաշտոնակատարը։ – Նախատեսվում է Ազգային ժողովում լսումներ կազմակերպել և ընդունել հնարավորինս անթերի օրենքների փաթեթ»։

Գործադիրը քննության է առել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի’ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին տալ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։

Նիստում քննարկվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Օրինագիծը, ըստ հեղինակների, նպատակ ունի ձևավորել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի և արդյունքի նկատմամբ։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը’ հիմնավորելով այն։

Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում