Առաջին անգամ հնչել են փայտափողային-դաշնամուրային քառյակի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Առաջին անգամ հնչել են փայտափողային-դաշնամուրային քառյակի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կայացել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հանդես է եկել աշխարհում թերևս միակ փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր) կազմով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քառյակը կրում է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, համերգը բացառիկ էր այն առումով, որ առաջին անգամ հնչել են ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ Կարեն Անանյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Միխայիլ Կոկժաևի, Սուրեն Զաքարյանի, Արթուր Ահարոնյանի կողմից հատուկ այս կազմի համար գրված ստեղծագործությունները։

Երբ 2015թ. հոկտեմբերին տեղի է ունեցել Հարությունյանի անվան քառյակի շնորհանդեսը, երաժիշտները, որ կատարում էին միայն փոխադրված գործեր, հույս են հայտնել, որ ժամանակակից կոմպոզիտորները հետագայում հատուկ իրենց կազմի համար կգրեն երաժշտություն։

Քառյակի ստեղծումից երկու տարի անց երաժիշտների ցանկությունն իրականացել է։ Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը ուրախալի է համարում այն փաստը, որ իրենց առաջին բեմելից հետո հայ կոմպոզիտորներին գրավել է ֆլեյտայի, կլարնետի, ֆագոտի և դաշնամուրի միաձուլումից առաջացած հնչողությունը, և այսօր արդեն գրել են ստեղծագործություններ այս կազմի համար։

Համերգի ընթացքում կատարված բոլոր գործերը պրեմիերաներ էին՝ նվիրված Հարությունյանի անվան քառյակին։ Թերևս, բացառություն էր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը, որ գրվել է մոտ 10 տարի առաջ։ Կլարնետահարը նկատում է նաև, որ իրենք քառյակի ստեղծմամբ ցանկացել են նոր խոսք ասել երաժշտական կյանքում։ Եվ եթե այսօր հատուկ երաժշտություն է գրվում իրենց համար, ապա դա խիստ պարտավորեցնող է։

Դավիթ Գյուլամիրյանը նշել է նաև, որ հաճելի է միջազգային ճանաչում ունեցող խաչատրյանական փառատոնի մաս լինելը։ Ըստ երաժշտի՝ ուրախալին այն է, երբ հասկանում ես ու տեսնում, որ մեր փոքր երկրում կարող է իրականացվել այս մակարդակի նախագիծ, որը հետաքրքրություն, սպասում է առաջացնում դասական երաժշտության երկրպագուների շրջանակներում։

Երեկոյի ընթացքում Հարությունյանի անվան քառյակին միացել են նաև Երիտասարդական նվագախմբի երաժիշտներ Տիգրան Վարդանյանը (հոբոյ) և Արմեն Կարագյանը (գալարափող):

Ազգային պատկերասրահի Այվազովսկու ցուցասրահը, որտեղ անցկացվել է կամերային համերգը, պատահական չէր ընտրված, այն խորհուրդ ուներ. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է հայ մեծ ծովանկարչի 200-ամյա հոբելյանին։

Համերգի ընթացքում միահյուսվել էին արվեստի ամենահզոր ճյուղերը՝ երաժշտությունն ու գեղանկարչությունը, միձուլում, որ ավելի ազդեցիկ ու տպավորիչ էր դարձնում երեկոն։

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում