Նոր մանրամասներ են բացահայտվել Պռոշյանի գյուղապետի սպանության գործով

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին’ աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն’անձի կամ նրա մերձավորի’ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում