Միջազգային փորձագետը վերլուծել է Լեռնային Ղարաբաղի ընտրությունները
Նմանատիպ
Օրերս տարածաշրջանում չճանաչված հանրապետությունների ընտրությունների վերաբերյալ իր ուսումնասիրությունն է ներկայացրել Դուբլինի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Դոնախա Օբաքոյնը:
Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում անցկացված ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրությունը ֆինանսավորել է Իռլանդիայի կառավարությունը, իսկ առիթը 2012 թվականին ԵԱՀԿ նախագահությունը մեկ տարով ստանձնելու հանգամանքն էր, ինչպես նաեւ 2013-ի հունվարից Եվրամիության նախագահության հեռանկարը:
Փորձագետի խոսքով’ 2012 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ վերընտրվել ցանկացող նախագահ Բակո Սահակյանը շատ ուժեղ մրցակից ուներ’ Վիտալի Բալասանյանը:
«Նա ուժեղ մրցակից էր, քանի որ պատերազմի բովով էր անցել: Դա շատ կարեւոր է, որ Ղարաբաղում որեւէ քաղաքական գործիչ լուրջ ընդունվի: Ղարաբաղում նրան հերոս են համարում, նրա նկարը բոլոր դպրոցներում փակցված է, նա նաեւ փորձ ունի, նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել եւ նախագահի խորհրդական», – նշել է Օքաբոյնը:
Մյուս կարեւոր հանգամանքը ըստ փորձագետի’ հատկապես Ղարաբաղի քաղաքական վերնախավի համար «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում մասամբ ազատ երկրի վարկանիշը վերականգնելն էր: Երբ 2010-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում որեւէ ընդդիմադիր չհայտնվեց օրենսդիր մարմնում, Ղարաբաղը տեղափոխվեց ոչ ազատ երկրների շարք, որտեղ հաստատված է նաեւ Ադրբեջանը: Նախագահական ընտրությունների մրցակցային լինելու շնորհիվ Ղարաբաղը շտկեց 2010 թվականին գրանցած հետընթացը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
Ամփոփելով չճանաչված հանրապետություններում ընտրությունների իր դիտարկումը’ փորձագետը գտնում է, որ այս երկրներում ընտրությունները զարմանալիորեն մրցակցային են անցնում, անկանխատեսելի ելք ունեն, ու չնայած տարածված կարծիքի’ այնտեղ քաղաքական գործընթացները ամբողջովին չեն վերահսկվում Երեւանի կամ Մոսկվայի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում