«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Նմանատիպ
Ապրիլի 15-16-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցավ «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում’ նվիրված հայ վանականության անցյալին և ներկա մարտահրավերներին: Կոնֆերանսը կազմակերպել էին Զալցբուրգի համալսարանը, «Պրո-Օրիենտե» կազմակերպությունը և Զալցբուրգի Բենեդիկտյան միաբանությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սիմպոզիումին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից Կալվածոց տեսուչ Տ. Բագրատ վարդապետ Բերջեքյանը և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմից Տ. Դանիել վարդապետ Ֆնդիկյանը:
Հայ և ընդհանուր վանականության վերաբերյալ զեկույցներ կարդացին Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Դիտմար Վինկլերը, հայագետ Ժասմին Դում-Տրագուտը, ֆրանցիսկյան միաբանության անդամ Յոհաննես Շնայդերը, Բենեդիկտյան միաբանության անդամներ Գոտֆրիդ Գլասները և Պաուլուս Կոսին:
Կոնֆերանսին ներկա էին նաև Զալցբուրգի Արքեպիսկոպոս Ալոիզ Կոլթգասերն ու Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում