Չեխիայի պատվիրակությունն ԱԺ-ում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները

Այսօր, ապրիլի 18-ին, Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանն ԱԺ-ում ընդունել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

Արտակ Զաքարյանը ողջունելով Չեխիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Ազգային ժողով’ ընդգծեց, որ Չեխիան բարեկամ երկիր է եւ Հայաստանի հետ ունի հին, պատմական ավանդույթներ: Մշտական հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ համարեց երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը, իսկ խորհրդարանական կապերի խորացման առումով կարեւորեց հանձնաժողովների փոխգործակցությունը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին, հայ-թուրքական արձանագրություններին եւ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրին:

Յան Բաուերը Հայաստանի՝ Եվրաինտեգրման ճանապարհին կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Նա պատրաստակամություն հայտնեց փոխանցելու Եվրաինտեգրման ուղղությամբ ձեռք բերված իրենց հարուստ փորձը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւս կարեւորեց Հայաստանի՝ Եվրամիությանն ամենասերտ ինտեգրումը:

Հանդիպման ավարտին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային՝ հայ-չեխական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելուն նպաստելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում