Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը

Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը

Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել միանգամից երկու մշակութային միջոցառում. բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 75 ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը և ներկայացվել է նկարչի ստեղծագործությունների «Հուշապատում» պատկերագիրքը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նկարիչների միությունից հայտնում են, որ բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նկարիչներ, ուսանողներ, արվեստասերներ։

Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում կարևորել է պատկերագրքի տպագրումը՝ ընդգծելով, որ գիրքն է մնալու պատմության մեջ։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ևս մեկ անգամ բարձր գնահատելով Վլադիմիր Աբրահամյանի արվեստը՝ խոսել է նրա վառ անհատականության, յուրօրինակ ներկապնակի ու առանձնահատուկ վարպետության մասին։

Ելույթ է ունեցել նաև բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, ով քաջատեղյակ լինելով Վ. Աբրահամյանի արվեստին ուրախալի է համարել, որ ցուցահանդեսում ներկայացված են նաև նկարչի 2016, 2017 թվականներին ստեղծած աշխատանքները։

Անհատական ցուցահանդեսին ներկայացված են նկարչի հինգ տասնյակից ավելի տարիների ստեղծագործությունները, այդ թվում 2017 թ-ին ստեղծված գործերը։ Դիտողը լայն հնարավորություն է ունեցել ծանոթանալու նկարչի գունեղ ներկապնակին, հիանալու նրա յուրօրինակ արվեստով։

Նկարչի ստեղծագործությունների «Հուշապատում» պատկերագիրքը տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ։ Այն լույս է տեսել Անտարես հրատարակչությունում։ «Հուշապատում»-ը ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թ-ին բռնադատված (1991թ -ին արդարացված) հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երախաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։

Նկարչի բազմաժանր ստեղծագործությունները, մյուս հեղինակների հետ միասին, համառոտ ներկայացվել են տարբեր գրքերում։ Այս պատկերագրքում ներկայացված են Վլադիմիր Աբրահամյան նկարչի ներկապնակի ամենավառ գույները, ընդգրկված են նրա յուրօրինակ ստեղծագործության լավագույն կտավները։ 76-ամյա նկարիչն այսօր էլ ստեղծագործում և իր հարուստ փորձն է փոխանցում երիտասարդներին։

Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

Վլադիմիր Աբրահամյանն այն գեղանկարիչներից մեկն է, ում ստեղծագործությունները ինքնատիպությամբ և‎ գույների յուրօրինակ զգացողությամբ առաջին իսկ հայացքից գրավում են արվեստասերների ուշադրությունը: Գուցե այդ է պատճառը, որ շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ արժանանալ խստաբարո արվեստաբանների ուշադրությանն ու դրվատանքին:

Նրա բոլոր կտավներին բնորոշ է իսկական արվետագետին հատուկ որոնումը: Իրենց արտահայտչամիջոցներով այդ ստեղծագործությունները երբեք չեն կաշկանդում դիտողի երևակայությունը, քանզի դրանք խիստ անձնական ապրումներ չեն և անձնականից վեր բարձրանալով ձեռք են բերում համամարդկային հնչեղություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում