Հանրապետականում հերթական կոնֆլիկտն է հասունանում

Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված Հանրապետական կուսակցության ներսում կարծես թե բավականին մեծ կոնֆլիկտ է հասունանում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այս ընտրություններն ավելի են սրել ՀՀԿ տարբեր թեւերի միջեւ եղած հակասությունը: Չի բացառվում, որ տարիներ շարունակ ձգվող այդ հակասությունն առաջիկայում որոշակի բախում առաջացնի ու վերջապես հանգուցալուծվի:

Բանն այն է, որ այս անգամ նախընտրական շտաբը կազմավորվել է ավելի երիտասարդ գործիչներից, ովքեր նախկինում ղեկավար կազմում չեն եղել: ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ցանկացել է, որ իր շտաբը ղեկավարի Ազգային ժողովի փոխխոսնակ եւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որ շտաբում ակտիվ դերակատարում ունենան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ այլոք: Մի խոսքով, այս ընտրություններին ՀՀԿ-ի շտաբում «ղեկավարության» կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, ինչը հավանաբար դուր չի եկել նախորդ շտաբների ղեկավարներին: Անցած տարվա խորհրդարանական ընտրություններին եւ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ՀՀԿ շտաբի պետը եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով իր շուրջը հավաքել է իր ազդեցության տակ գտնվող մարդկանց՝ Դավիթ Հարությունյանին, Գալուստ Սահակյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ այլոց: Այս անգամ նրանք շտաբի աշխատանքների հետ ընդհանրապես կապ չունեն:

Եվ ահա, այս հողի վրա նկատելի է, որ սրվել են Է. Շարմազանովի ու Հ. Աբրահամյանի հարաբերությունները: Վերջինս հավանաբար չի կարողանում հանդուրժել այն իրողությունը, որ Երեւանի ավագանու ընտրություններին ինքը չի կարողանում «էական» դերակատարում ունենալ եւ ստիպված է գործընթացներին հետեւել հեռվից: Արդեն իսկ հրապարակումներ եւ ակնարկներ են հնչում, որ Հ. Աբրահամյանը փորձել է ամեն ինչ անել, որ շտաբի պետը ոչ թե Է. Շարմազանովը լինի, այլ ինքը կամ էլ իր ազդեցության տակ գտնվող որեւէ մեկը: Բայց կարծես թե նրա հականախաձեռնությունը չի ընդունվել ոչ Տ. Մարգարյանի, ոչ էլ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մամուլում հրապարակումներ կան, թե ՀՀԿ-ի ներսում դժգոհություն կա Է. Շարմազանովի նկատմամբ, որ նա Երեւանի ավագանու ընտրություններին չի ընկալվում, քանի որ ծնունդով երեւանցի չէ եւ կիսով չափ հույն է: Այս տեսակետը ՀՀԿ-ում ու Ս. Սարգսյանին ներկայացրել է Հ. Աբրահամյանը, որ գոնե այդպիսով կարողանա իր դժգոհությունն արտահայտել եւ խոչընդոտել Է. Շարմազանովի՝ շտաբի պետ նշանակվելուն: Սակայն ԱԺ նախագահի սցենարը չաշխատեց, եւ շտաբի պետ նշանակվեց նրա տեղակալը: Դրանից հետո արդեն, ասում են, նա փորձել է վերահսկողություն սահմանել Է. Շարմազանովի ու շտաբի վրա, նրան հասկացրել է, որ պետք է հաշվետու լինել իրեն, բայց դա էլ ԱԺ նախագահին չի հաջողվել: Եվ հիմա նա չի կարողանում համակերպվել կուսակցությունում դիրքային նման կորստի հետ, ու փորձում է դիտողություններով, նկատողություններով ու այլ եղանակով խանգարել նրանց:

Հիշեցնենք նաեւ, որ ի սկզբանե Հ. Աբրահամյանը ցանկանում էր, որ Երեւանում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն դառնա նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, բայց դա էլ նրան չհաջողվեց: Իսկ դրանից հետո շտաբի պետի պաշտոնն իրեն չվստահելու հանգամանքն արդեն նրա համար մահացու հարված կարելի է համարել: Քաղաքական իրադարձությունները սկսել են անցնել ԱԺ նախագահի կողքով, ու դա նրա համար բավականին ծանր հարված է: Է. Շարմազանովն էլ իր հերթին լավ հասկանալով այդ հանգամանքը՝ փորձում այլեւս չհնազանդվել իր ավագ կուսակցին ու անմիջական ղեկավարին:

Հ. Աբրահամյանը հավանաբար նաեւ վտանգ է զգում, որ վերջին զարգացումները կարող են ավելի խորը փոփոխությունների սկիզբ դառնալ: Նախորդ անգամ, երբ ԱԺ նախագահի նկատմամբ անվստահություն առաջացավ, նա պաշտոնանկ արվեց: Չի բացառվում, որ հիմա նույն վտանգը նա նորից զգում է ու մտածում է, որ իրադարձությունների ոչ հարմար զարգացումների պարագայում Է. Շարմազանովը կփոխարինի իրեն՝ հատկապես, որ նա իր տեղակալն է: Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ, երբ նա պաշտոնանկ արվեց, նրա փոխարեն ԱԺ նախագահ դարձավ ՀՀԿ-ական մեկ այլ փոխնախագահ՝ Սամվել Նիկոյանը: Ամեն դեպքում նկատելի է, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՀԿ վերնախավում սկսվել է սերնդափոխության գործընթաց: Չի բացառվում, որ առաջին հարվածը կրկին բաժին հասնի Հ. Աբրահամյանին:

Հենց այս խմորումների արդյունքում ՀՀԿ վերնախավում հերթական կոնֆլիկտն է հասունանում:

Իսկ ընդհանուր առմամբ, վերջին շրջանում Հ. Աբրահամյանն անընդհատ քաղաքական կորուստներ է գրանցում: Այդպես էլ նա չկարողացավ իրականություն դարձնել վարչապետ դառնալու իր վաղեմի երազանքը: Վերջին 5 տարիներին էլ նա փորձում էր այդ նպատակին հասնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով: Եվ ոչ միայն այդ հնարավորությունը չկարողացավ օգտագործել, այլեւ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ անընդհատ կապող օղակ լինելու ու այդ կապն իր համար ծառայեցնելու հանգամանքը նրան անվստահելի դարձրեց հարազատ կուսակցությունում: Եվ այսօր նրա աչքի առաջ կարող է վարչապետ վերանշանակվել Տիգրան Սարգսյանը, իսկ ինքը ոչ միայն ազդեցության նոր ոլորտներ չի կարողանա գրավել, այլեւ ունեցածը կորցնելու կամ պաշտպանելու խնդրի առջեւ է կանգնում»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում