Հեռուստատեսությունն իսկապես մեծ քայլ է պահանջում

Արամ Աբրահամյանն այսօրվա «Առավոտ»-ում անդրադարձել է Նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հրաժեշտի խոսքի այն հատվածին, որը նա երեկ արտահայտել է իր հետագա պլանների’ հեռուստատեսության հետ կապված. «ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության’ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ»:

Ա. Աբրահամյանը մեկնաբանում է. «Իսկապես, շատ մարդիկ իմ շրջապատում անկեղծության այս կամ այն աստիճանով հայտարարում են’ «Ես հեռուստացույց չեմ նայում»: Մի մասը իրականում նայում է, պարզապես ամաչում է խոստովանել, որ դիտում է միայն սերիալներ և հումոր: Բայց այն, ինչ ես եմ հասկանում հեռուստատեսության տակ, ոչ սերիալ է, ոչ էլ հումոր’ դա այն արտադրանքն է, որը ձևավորում է հասարակական-քաղաքական օրակարգը: Եվ այսօր վստահաբար կարելի է ասել, որ հեռուստատեսությունը դա չի անում, դա անում են կայքերը և սոցցանցերը: Վերջիններս են տալիս մտքի, լուրի առաջնային խթանը, իսկ հեռուստատեսությունը կամ տալիս է երկրորդականը, կամ չի տալիս: Պատճառը մասամբ, իհարկե, այն է, որ հեռուստաընկերությունները որոշ չափով վերահսկվում են, իսկ համացանցը’ ոչ: Բայց նախ’ վերահսկողությունն այնքան վայրագ չէ, որքան, ասենք, 10 տարի առաջ:

Երկրորդ’ խնդիրը նաև հեռուստատեսության «արտահայտչամիջոցների» պահպանողական լինելու մեջ է: Քանի որ ես աշխատում եմ երկու ոլորտներում էլ, կարող եմ փաստել, որ որպես հեռուստալրագրող’ ավելի «դանդաղաշարժ» եմ, քան որպես կայքի հեղինակ ու սեփականատեր: Վկան’ նախագահի հետ լրագրողների վերջին հանդիպումը: Այդպես չպիտի լինի, և խոսքն այստեղ հեռուստատեսության ոչ այնքան տեխնիկական, որքան հոգեբանական, մասնագիտական վերազինման մասին է: Իրոք որ մեծ քայլ է պահանջվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում