ՀԱԿ-ը չգիտի՝ որն է ընդդիմությունը

«Հայաստանում ընդդիմադիր լինել նշանակում է պայքարել իշխանության դեմ’ վերջինիս բացառապես քննադատելով, անգամ այն հարցերում, որտեղ իշխանությունն իրավացի է, այդ իրավացիությունը դիտարկելով որպես թերացում: Մեր երկրում ընդդիմադիր լինել նշանակում է քննադատել իշխանությանը եւ… վերջ,-գրում է «Ազգը»։- Նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն, օրինակ, տվել է հայաստանյան (գուցե համաշխարհայի՞ն) ընդդիմության իր սահմանումը: Ըստ այդմ’ «Նա, ով քննադատում է ընդդիմադիր գործընկերներին, չի կարող համարվել ընդդիմություն»:

Ստացվում է, որ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում, ՀԱԿ կուսակցության հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանը, համաձայն «զուրաբյանական« սահմանման, քննադատելով իր ընդդիմադիր գործընկերներից Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն, ընդդիմություն չի կարող համարվել:

Հետևաբար կամ Տեր-Պետրոսյանին չենք կարող ընդդիմություն անվանել, կամ Զուրաբյանը չգիտի ընդդիմության սահմանումը: Իրականում ամեն ինչ պարզ է, իրականում ընդդիմության միակ նպատակը իշխանության քայլի պիտակավորումն ու քննադատությունը չէ: Ընդդիմությունը ունի նպատակ’ իշխանություն դառնալու, այդ ճանապարհին, բնականաբար, քննադատում է իշխանությանը, բայց ընդդիմության քաղաքացիական ճամբարը միայն իշխանությանը քննադատելով չի ավելանում, այն ավելանում է, երբ ընդդիմությունը քննադատում է ճիշտ թիրախավորված, ճշմարտությունը բացահայտելով, իրական այլընտրանք առաջարկելով… Ասենք, շուկայում եթե դուք այլընտրանքային գնով լոլիկ չեք կարողանում գտնել, ուրեմն պետք է համաձայնեք, որ իրականում լոլիկը հենց այդ’ առաջարկվող գինն ունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում