Գարնան վերջին օրը Երեւանը լի կլինի հեծանիվներով

Գարնան վերջին կիրակի օրը՝ մայիսի 26-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ի և «ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը: Ինչպես հայտնում են ՀԵՀ մամուլի ծառայությունից, մրցույթ-հեծանվավազքին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, երիտասարդական խմբերի 5 հոգանոց թիմեր:

Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, ճանաչելի դարձնել Երևան քաղաքի հայտնի և անհայտ վայրերը, այգիները, շենքերը։ Այս կերպ կխթանվի նաև առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգստը, բացի այդ, կընդգծվի հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարևորությունը։

Ըստ աղբյուրի, հեծանվավազքը կմեկնարկի Շահումյանի հրապարակից։ Յուրաքանչյուր խումբ պետք է անցնի Երևան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։

Երիտասարդական կառույցներն ու խմբերը հեծանվավազքին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացնել մինչև ապրիլի 30-ը՝ chanachir.yerevan@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում