Հանրահայտ մեցցո սոպրանոյի դուստրը դարձել է հայ օպերային բասի ինպրեսարիոն

Հանրահայտ մեցցո սոպրանոյի դուստրը դարձել է հայ օպերային բասի ինպրեսարիոն

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում 1990-ականների սկզբից անցկացվող «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի շնորհիվ է, որ այս հեղինակավոր միջոցառմանը մշտապես մասնակցություն են ունենում հայ երաժիշտներ:

Ամռանը հիշյալ փառատոնի շրջանակներում Միխայլովյան դղյակում մենահամերգով հանդես եկավ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը: Երգչի բարձրարվեստ կատարումներին հանդիսատեսը ծանոթ է բասի համար գրված դերերգերից՝ Չուխաջյանի «Արշակ Բ», Տիգրանյանի «Անուշ», Պուչինիի «Տոսկա», Բելինիի «Նորմա» եւ այլ օպերաներից: Նշենք նաեւ, որ արվեստագետը հեղինակավոր մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Ռիմսկի-Կորսակովի, Մարիա Բիեշուի, Պավել Լիսիցյանի անվան:

Հովհաննես Ներսեսյանը (ձախից)՝ Մարիա Սաֆարյանցի, ռուս եւ իտալացի գործընկերների շրջապատում: Վերջերս էլ դարձյալ Մարիա Սաֆարյանցի հրավերով երգիչը մասնակցել է «Պետերբուրգյան գետափեր» փառատոնին՝ երեք համերգով, որոնք կայացել են Միխայլովյան, Եկատերինյան պալատներում եւ նախագահական գրադարանում:

«Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Ներսեսյանը մտաբերեց առաջին անգամ 2014թ. իր մասնակցությունը «Սանկտպետերբուրգյան պալատներ» փառատոնի շրջանակներում՝ Երեւանի օպերային թատրոնի արտիստների հետ ելույթը, Շոստակովիչի անվան դահլիճում: «Պետերբուրգյան գետափեր» փառատոնի շրջանակներում տիկին Սաֆարյանցը կազմակերպիչն էր նաեւ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու օծման 300-ամյակին նվիրված հանդիսությունների մշակութային մասի: Ի դեպ, մենահամերգով հանդես եկա նաեւ Էրմիտաժի հայկական սրահում»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հայ բասը՝ Բրունա եւ Պրիշիլա Բալիոնիների ու ռեժիսոր Վասիլիոս Անաստասիուի հետ:

Հարցին, թե ըստ մեզ հասած տեղեկությունների, այս շրջագայության շնորհիվ ձեռք է բերել իմպրեսարիո, երգիչը հաստատելով մեզ հասած լուրը, նշեց, որ դա չի կապվում սանկտպետերբուրգյան փառատոնի հետ: Հետո էլ մանրամասնեց. «Մշակույթի նախարարության եւ օպերային թատրոնի աջակցությամբ մինչ փառատոնի հրավերը պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հռոմում՝ հանրահայտ մեցցո սոպրանո Բրունա Բալիոնիի մոտ վարպետության դասընթացներ անցնելու համար: Դրա ավարտից հետո տիկին Բալիոնին ինձ ներկայացրեց Աթենքում անցկացվող Պուչինիի հեղինակավոր փառատոնին:

Այստեղ էլ մասնակցեցի վարպետության դասընթացների, իսկ փառատոնի գալա համերգին հանդես եկա Ֆիլիպ Երկրորդի արիայով՝ Վերդիի «Դոն Կառլոս» օպերայից: Ինչ վերաբերում է իմպրեսարիո ձեռք բերելուն, առաջարկը ստացա Բրունա Բալիոնիի դստերից՝ Պրիշիլա Բալիոնիից: Թեեւ նրա հետ մեր առաջին գործարքը չի կայացել, այնուամենայնիվ, արդեն ունեմ այդքան բաղձալին՝ իմպրեսարիո»:

Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ Հռոմում եղած ժամանակ տեղի օպերային թատրոնում ներկա է գտնվել Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացմանը. «Սկարպիայի դերերգով փայլեց պրոֆեսորս՝ Գեւորգ Հակոբյանը: Ու թեեւ նա, եթե չեմ սխալվում՝ երրորդ անգամ է բեմ բարձրանում այդ թատրոնում, ականջիս հասավ ինչպես հանդիսատեսի հիացմունքը, թե ի՜նչ շքեղ ձայն է, այնպես էլ ոմանք հետաքրքրված հայ բարիտոնի ստեղծագործական կենսագրությամբ՝ խորացել էին բուկլետի մեջ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում