Հովհաննես Սահակյան. Մենք համագործակցության եւ երկխոսության որեւէ խնդիր չունենք եւ չենք էլ ունեցել

«Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հիացած չէ ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաեւ մնացած քաղաքական ուժերը»,-անդրադառնալով Տիգրան Սարգսյանի վերանշանակմանն ու ԲՀԿ-ի կողմից բացասական արձագանքներին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այդ քննադատությանը ՀՀԿ-ում, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այն թիմը, որը կձեւավորվի վարչապետի կողմից’ համաձայնեցնելով նախագահի հետ, իր առջեւ կունենա այն կարեւորագույն խնդիրները, որոնց մասին իր երդմնակալության ժամանակ խոսեց նախագահը եւ համարեց գերակա:

Այն մեծ փոփոխությունները, ակնկալիքները, որ ունենք, առաջիկա վեց ամիսների ընթացքում կտեսնենք, որ շոշափելի, զգալի փոփոխություններ կունենանք: Թե այս կամ այն թիմին ինչո՞ւ չի գոհացրել, այսպես ասեմ, իրենց խնդիրն է: Մենք ունենալով մեծամասնություն եւ Սահմանադրությամբ մեզ վերապահված այդ որոշումը, մենք’ի դեմս երկրի նախագահի որոշել ենք: Մենք կխորհրդակցենք խմբակցությունների հետ, բայց սրանից բացի, որեւէ այլ հարթության մեջ, կարծիքներն իրենց մեջ են մնալու: Քննադատությունից զատ նաեւ պետք է լինեն որոշակի հիմնավոր պատճառներ եւ ասելիքներ: Եթե սա դիտարկենք միայն պաշտոնակռիվ, ես կտանեի դեպի այդ հարթություն, բայց այս պահին գոնե այդ ցանկությունը չունեմ»:

Խոսելով հնարավոր կալիցիայի մասին վերջինս նշեց, որ խաղի կանոնները թելադրում է ՀՀԿ-ն:

«Մենք համագործակցության եւ երկխոսության որեւէ խնդիր չունենք եւ չենք էլ ունեցել»,-ամփոփեց Հովհաննես Սահակյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում