ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այնպիսի ընդդիմադիր բառապաշար ունեն, որ մենք էլ ենք «նախանձում». Ա. Բախշյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյան ասաց. «Շարունակում եմ «Բարև Հայաստան» շարժմանը հավատարիմ մնալ, հավատալ: Ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ալիքը տարածեմ իմ շրջապատի վրա ու թույլ չտամ, որ մարդիկ հուսախաբ լինեն»:

Նա հավելեց, որ շարունակում է վստահել Րաֆֆի Հովհաննիսյանին. «Նրա կրթությունը, կարդացվածության մակարդակը թույլ է տալիս, որ ես հավատամ նրան: Ինքը որպես հայ մարդ ինձ առաջնորդում է այնտեղ, որտեղ ես ուզում եմ: Քանի որ ես լավ չեմ կողմնորոշվում այդ խնդիրներում, գնում եմ իր հետևից»:

Բախշյանը անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հրավիրած հանդիպումանը և ասաց, որ Ր. Հովհաննիսյանն անելու է հայտարարություններ, որոնց մի մասը ինքն էլ է առաջին անգամ լսելու և հավելեց.«Իհարկե, մասնակցել եմ քննարկումներին, եղել են շատ ելույթներ, հիմա տեսնենք, թե ինչպիսի գաղափար կծնվի այդ ամենի հիմքում, որպեսզի կոնսոլիդացվի քաղաքական դաշտը»:

Բախշյան պատասխանեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը որոշեց հրապարակային հանրահավաքները փոխարինել դահլիճային հանդիպումներով, նա ասաց, որ հիմնական նպատակն այն է, որ քննարկումներ լինեն, իսկ հրապարակում դա հնարավոր չէ:

Ըստ Բախշյանի՝ հնարավոր է, որ այսօր ինչ-որ փաստաթուղթ ընդունվի:

Անդրադառնալով ավագանու ընտրություններին՝ Բախշյանը ասաց. «ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր այնպիսի ընդդիմադիր բառապաշար ունեն, որ մենք էլ ենք «նախանձում»: Մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է’ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: Նրանք հավասարապես մեր մրցակիցներն են»:

Նա ասաց, որ ընտրություններից հետո իրենք կհամագործակցեն ցանկացած ուժի հետ, երբ խոսքը վերաբերում է քաղաքացու շահերին, իսկ քաղաքապետի ընտրության ժամանակ միայն ընդդիմադիր թեկնածուի շուրջ կարող են համագործակցության գալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում