Պատվաստվել, թե՞ չպատվաստվել… Այս է խնդիրը

Պատվաստվել, թե՞ չպատվաստվել… Այս է խնդիրը

Չէի ցանկանում խառնվել այս թեմային, բայց ինչպես տեսնում եմ՝ ստիպված եմ մի քանի բան գրել, հատկապես, երբ անգամ մասնագետների շրջանում կան լուրջ տարակարծություններ այս թեմայով, և, որ ավելի ցավալին է, էժան շոուների մեջ արդեն որերոդ անգամն է ներգրավում են երեխաներին։

Թեման ինքնին ծավալուն է և տարբեր հարցեր է ներառում, այդ պատճառով նյութս էլ ծավալուն է։ Որպեսզի խնայեմ ընթերցողիս ժամանակը, ամփոփ ներկայացնեմ պարունակությունը, թույլ տալով, որ ցանկացողը կարդա իրեն հետաքրքիր բաժինը։

Սկզբնամասում փորձել եմ հանրամատչելի բացատրել, թե ինչ բան է պատվաստումը, ինչ է իմունիտետը՝ ինչպես է զարգանում։ Հետո անդրադարձել եմ հարցին, թե արդյոք լա՞վ, թե՞ վատ բան է պատվաստում երևույթը։ Այնուհետև փորձել եմ բացատրել հանրության մոտ պատվաստումներից հրաժարվելու տենդենցի հիմնական պատճառաբանությունները, և դրանց տրամաբանական կամ ոչ տրամաբանական լինելը։ Փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք հիմնավոր կամ անհիմն է հասարակության մտահոգությունը։ Որոշ տեղեկություններ տվել եմ կոնտրացեպտիվ պատվաստանյութերի, մասնագիտական և լրագրողական ռեսուրսներում այդ թեմայով որոշ հրապարակումների վերաբերյալ։ Բերել եմ մի քանի տեղեկություններ Հայաստանյան իրականությունից՝ գրել եմ սրանից առաջ աղմուկ հանած մի քանի օրինակների մասին, մասնավորապես՝ 2007 թվականին մասսայական պատվաստման և վերջերս Առողջապահության Նախարարության (ԱՆ) կողմից իրականացված տարօրինակ պայմաններով մի գործարքի մասին։ Այնուհետև անդրադարձ եմ կատարել վերջին օրերին լայն քննարկումների և այս նյութը գրելու առիթ հանդիսացած Գարդասիլ պատվաստանյութին։ Մասնագիտական գրականության վրա հղումներ կատարելով փորձել եմ ցույց տալ, որ մեղմ ասած հիմնավոր չեն ոմանց կողմից այն պնդումները, թե այդ նյութը բացարձակ անվտանգ է և չի պարունակում հանրության մտահոգության առիթ դարձած ռիսկերը։ Ավելին, որոշ հրապարակումներ անգամ փաստում են, որ արդարացված չի այն պնդումը, թե Գարդասիլն է հենց արգանդի վզիկի քաղցկեղը կանխելու անփոխարինելի, լավագույն միջոցը։ Այսինքն պատճառաբանությունն էլ, որով փորձում են նյութը հրամցնել՝ հիմնավոր չէ, և առնվազն տարօրինակ է նախարարության կողմից դրանց «անտեսումը»։ Հատուկ այն մարդկանց համար, ովքեր բացարձակ չափանիշ են համարում որևէ նյութի այս կամ այն երկրի պրակտիկայում կիրառելը, բերել եմ մարդկայնության դեմ ոճիրների մի քանի դասական օրինակներ, որոնք ստիպում են մտորել, որ «ամբողջ աշխարհում էդպես են անում» պնդումը դեռ բավարար պայման չէ, որ մենք էլ էդպես անենք։ Եվ վերջում, մի քանի բառով ամփոփել եմ, թե ինչ կարող է անել շարքային քաղաքացին և ինչ արժէ որ արվեր պետական կառույցների կողմից։

Նախ, սկսենք պատվաստում երևույթից.

Պատվաստումների հայտնաբերումից ի վեր, հազարավոր մարդկային կյանքեր են փրկվել։ Բոլորս գիտենք, եթե անգամ չգիտենք, էսօր դժվար չի գրականություն գտնել, և տեսնել, թե ինչպիսի համաճարակներ էին տարածված ոչ վաղ անցյալում, և ինչքան մարդկային կյանքեր էին խլում։ Սարսափելի ինֆեկցիոն հիվանդություններից շատերը հնարավոր եղավ կանխել բժշկության զարգացման շնորհիվ, ընդ որում, խոսքը վերաբերվում է ոչ միայն պատվաստանյութերին, այլ նաև այնպիսի հզոր «զենքի»՝ ինչպիսին անտիբիոտիկներն են։ Շնորհիվ պատվաստումների, հնարավոր եղավ որոշ սուր վարակներ գործնականում վերացնել, իսկ որոշներն էլ՝ դարձնել խիստ վերահսկելի։ Սակայն ինչպես բժշկությունն է էվոլյուցիա ապրում, այդպես և էվոլյուցիա են ապրում բնության մեջ կենդանի օրգանիզմները, այդ թվում՝ վիրուսները, բակտերիաները և այլն։ Սրա հետևանքով երբեմն դեղերն ու մեթոդները, որոնք որևէ վարակի դեպքում աշխատում էին երեկ, կարող են արդեն չաշխատել այսօր՝ այդ դեղերի նկատմամբ կայունություն ձեռք բերած շտամերի համար։ Բժիշկները և հատկապես վիրաբույժները շատ են առնչվում այնպիսի խնդրի հետ, ինչպիսին ներհիվանդանոցային ինֆեկցիան է։ Հատկապես վտանգավոր են հիվանդանոցներում «բնակվող» հարուցիչները, որոնք որոշակի կայունություն ունեն դեղերի նկատմամբ և, Աստված մի արասցէ, դրանցով պայմանավորված վարակի տարածումն հիվանդանոցում կարող է գլխացավանք դառնալ ոչ միայն բժշկի համար, այլ նաև մահվան ելքով ավարտվել հիվանդի համար։ Սրա պատճառները տարբեր են։ Պատճառներից է հանրության շրջանում անտիբիոտիկների լայն ու չհիմնավորված կիրառումը։ Օրինակ, շատերը, մինչ այսօր, հատկապես շրջաններում, կարող են իրենց երեխային փորացավի դեպքում առաջարկել Լևոմիցետին կամ Տետրացիկլին և այլն։ Միգուցե, երբեմն սրանք էֆեկտիվ են, բայց փաստն այն է, որ անտիբիոտիկների զանգվածային չարաշահումը հանգեցրել է սարսափելի խնդիրների, և այսօր տարատեսակ ինֆեկցիաները կարող են լուրջ հոգս դառնալ անգամ ամենափորձառու բժշկի համար, անգամ ներկայիս ժամանակակից դեղորայքային և այլ հնարավորությունների պայմաններում։ Հենց այդ է պատճառը, որ տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում, քայլեր են ձեռնարկվել և ձեռնարկվում՝ վերահսկելու այդ ոլորտը։ Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, հանրային անվստահության մթնոլորտում, երբեմն դժվար է համոզել կամ ապացուցել, որ դա ոչ թե ֆինանսական շահույթ է հետապնդում և կամ մտածված խորամանկ քայլ է՝ բժշկի համար լրացուցիչ եկամուտ ապահովելուն միտված, այլ բխում է հենց հանրության շահից։ Ինչևէ։ Խնդիրը կա, անվստահությունը՝ ևս, և դրանք պետք է հաղթահարել համատեղ ջանքերով։

Հիմա պատվաստանյութերի վերաբերյալ.

Պատվաստանյութերը տարբեր են լինում։ Մի քանի բառով փորձեմ բացատրել՝ հնարավորինս հանրամատչելի։

Բնության մեջ կան պարզ և բարդ օրգանիզմներ, կան դրանց համակեցություններ։ Համակեցության տարբեր ձևեր գոյություն ունեն. օրինակ, երբ մի օրգանիզմն, ապրելով մյուսի կողքին, վրա կամ ներսում, փոխադարձ օգտակար են լինում միմյանց։ Ասենք՝ մարդու ստամոքս-աղիքային համակարգում բնակվող որոշ բակտերիաներ, որոնք նպաստում են մարդու համար օգտակար նյութերի յուրացմանը։ Լինում են և չեզոք համակեցություններ, երբ տարբեր օրգանիզմներ միմյանց հետ գործնականում չեն առնչվում իրենց կենսական ցիկլերով կամ այդ առնչությունը էական չէ։ Լինում է և պարազիտիզմ, երբ մի օրգանիզմը սնվում է մյուսի հաշվին։ Եւ այլն։ Բնականաբար, ցանկացած առողջ օրգանիզմ ունի պաշտպանական համակարգեր։ Դրանք բջիջներ են, տարատեսակ ֆերմենտներ, նյութեր և այլն, որոնց կոմպլեքսի մեջ անվանում ենք իմունիտետ։ Իմունիտետը տարբեր կերպ է դրսևորվում։ Դա առանձին թեմա է։ Մի քանի բառով մոտավոր եթե ասենք, ապա երբ որևէ հարուցիչ՝ օտար օրգանիզմ (մանրէ, միկրոօրգանիզմ), թափանցում է այլ օրգանիզմ՝ տվյալ դեպքում մարդու օրգանիզմ (մակրոօրգանիզմ) և իր գործունեությամբ սպառնում է նրա գոյությանը, ապա վերջինս զարգացնում է պաշտպանական ռեակցիա՝ վտանգը մեկուսացնելու համար։ Իսկ վտանգը տարբեր է։ Կան բակտերիաներ, վիրուսներ, այլ հարուցիչներ, որոնք ազդելու տարբեր մեխանիզմներ ունեն։ Դրանց մի մասի կենսագործունեության արդյունքում մարդկային օրգանիզմի համար թունավոր նյութեր են սինթեզվում, մի մասը՝ սպանում է բջիջները, մյուս մասը՝ մտնում է մարդու բջջի կորիզ և ազդում կորիզի ԴՆԹ-ի վրա և այլն։ Օտար օրգանիզմը (միկրոօրգանիզմը) կամ դրա մասերը մարդու օրգանիզմի (մակրոօրգանիզմի) կողմից ճանաչվում են իբրև հակագեն (անտիգեն), և մակրոօրգանիզմը սկսում է սինթեզել հակամարմիններ, որպեսզի ոչնչացնի վնասակար միկրոօրգանիզմը։ Թե այդ պայքարում կոնկրետ ով կհաղթի, բազմաթիվ գործոններով է պայմանավորված, այդ թվում և բժշկական միջամտությամբ։ Որպես կանոն, կարևոր է հարուցիչների քանակը, այսինքն՝ դրանք ներմուծվելով շատ մեծ քանակությամբ, կամ ներմուծվելուց հետո շատ արագ բազմանալով, կարող են դառնալ լուրջ խնդիր, և օրգանիզմը, որը պատրաստ չի կոնկրետ այդ տեսակի դեմ պայքարելուն՝ չունենալով դրանց ոչնչացնելու համար հատուկ հակամարմիններ, չի հասցնում ժամանակին սինթեզել դրանք անհրաժեշտ քանակությամբ, ինչը կարող է տխուր ավարտ ունենալ մակրոօրգանիզմի համար։ Եւ հակառակը, ուժեղ իմունիտետ ունեցող օրգանիզմը, որն արդեն իսկ ունի տվյալ հարուցչի դեմ պայքարելու «զենքերը», կարողանում է արագ գլուխ հանել խնդրից և հաղթում է կենաց պայքարում։ Ինչևէ, մակրոօրգանիզմի հաղթանակի արդյունքում, որոշ դեպքերում ձևավորվում է, այսպես կոչված, ցմահ իմունիտետ։ Մոտավորապես եթե բացատրենք, ապա օրգանիզմում պահպանվում են այդ վնասակար հարուցչի դեմ պայքարող հակամարմինները՝ քիչ քանակությամբ, որպեսզի, եթե երկրորդ անգամ էլ այդ հարուցիչը հայտնվի օրգանիզմում, զրոյից դրա դեմ հակամարմիններ սինթեզելու փոխարեն, արդեն իսկ եղածները արագ շատացնելով գրոհի։ Որոշ հիվանդությունների դեպքում էլ, այդ իմունիտետը ցմահ չէ, այլ որոշակի ժամանակահատված է տևում։ Սա մոտավոր, հանրամատչելի, պատկերավոր նկարագրություն էր, թե ինչպես է իրագործվում իմունիտետ կոչվածը։

Հիմա, ինչպես նշեցինք, պատվաստանյութերը լինում են տարբեր։ Երբեմն դրանք լաբորատորիաներում՝ հատուկ պայմաններում խիստ թուլացված հարուցիչներն են, որոշ դեպքերում՝ դրանք «սատկած» հարուցիչներ են, որոնք պահպանել են «մարմնի» կոնկրետ բաղադրիչներ, որոշ դեպքերում, դրանք հարուցչի տարբեր մասեր են կամ դրա գործունեության արգասիք և այլն, որոնք ներմուծվելով օրգանիզմ, ի զորու չեն առաջացնել հիվանդություն, բայց ի վիճակի են մակրոօրգանիզմին ստիպել սինթեզելու հակամարմիններ։ Սինթեզված հակամարմինները մնում են օրգանիզմում, և արդեն իսկ իրական վարակի դեպքում՝ դրանց շնորհիվ օրգանիզմն արագ արձագանքում է՝ ոչնչացնում է դրանց, և չի թողնում, որպեսզի օրգանիզմի ներսում վնասակար հարուցիչը հասնի հիվանդություն առաջացնելու քանակության։ Սրա շնորհիվ, մարդն, ըստ էության չի դառնում վարակակիր և չի նպաստում ինֆեկցիայի տարածմանը։ Բնականաբար, տարբեր պատճառներով, օրինակ, թույլ օրգանիզմ, կամ ոչ բավարար վնասազերված հարուցիչ, կամ այլ պատճառներ, կարող են երբեմն ի հայտ գալ բարդություններ, որոնց որոշակի տոկոսը համարվում է «թույլատրելի» և կանխատեսված է, ճիշտ այնպես, ինչպես դեղի վրա նշված են լինում կողմնակի ազդեցությունները կամ հնարավոր բարդությունները։

Հնարավորինս պարզեցված սխեմայով փորձեցի բացատրել թեմայից շատ հեռու մարդկանց, թե ինչ է իմունիտետը, ինչ է պատվաստումը և ինչպես են դրանք աշխատում։
Ինչպես տեսնում ենք, պատվաստում երևույթն ինքն իրենով վատ բան չէ։ Ավելին, նորածինների մոտ, ովքեր դեռ չեն շփվել ինֆեկցիայի հետ և չեն զարգացրել սեփական իմունիտետը, նրանք ստանում են պատրաստի հակամարմիններ և այլ «իմունիտետի նյութեր» մայրական կաթի միջոցով։ Հենց դա է նաև պատճառը, որ երեխայի առողջ լինելու համար նորածին մայրիկներին խրախուսվում է կրծքով կերակրելը։ Առիթից օգտվելով, նշեմ, որ կրծքով կերակրելը զգալիորեն նվազեցնում է նաև կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։ Ընդ որում, 3-4 երեխա կերակրելու դեպքում կինը լրջորեն ապահովագրում է իրեն այդ խնդրից։ Ի դեպ, 2014 թվականի ԱՀԿ տվյալներով հենց կրցքագեղձի քաղցկեղն է Հայաստանում կանանց հիմնական մահացության պատճառը ուռուցքային հիվանդություններից։

Այս ամենը նկարագրելուց հետո, տրամաբանական հարց է առաջանում, բա էլ ինչու՞մն է խնդիրը։ Ինչի՞ց է անհանգստացած հասարակությունը։

Փորձենք բացատրել։ Հիմնական շրջանառվող թեման է, թե պատվաստումների միջոցով փորձ է արվում ստերիլիզացնել (դարձնել չբեր) մարդկությանը։ Նշվում է, որ ինչ-ինչ տեսությունների համաձայն, որոշ ուժեր որոշել են կրճատել մարդկության թվաքանակը և դա հիմա անում են նաև պատվաստումների միջոցով։

Փորձենք հասկանալ։ Արդեն նշեցինք, որ պատվաստում երևույթի հայտնագործումից հետո հնարավոր է եղել կանխել բազմաթիվ խոշոր համաճարակներ։ Զգալիորեն նվազեցվել է կոնկրետ հիվանդություններից մահացությունների թիվը։ Վերջնարդյունքում, պատվաստում երևույթի հայտնագործումից ի վեր, հնարավոր է եղել բազմապատկել մարդկության թիվը՝ շնորհիվ ինֆեկցիաների որոշ տեսակների լրիվ, որոշների՝ մասնակի կառավարման։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք վերևում, ինֆեկցիաների հարուցիչները, ևս լինելով կենդանի օրգանիզմ, մասնակցում են էվոլյուցիոն պրոցեսին և նույնպես կատարելագործվում են՝ ձեռք բերելով ունակություններ՝ դիմադրելու այս կամ այն դեղին։ Կարճ ասած, իսպառ վերացնել ինֆեկցիաները՝ ոչ միայն հնարավոր չէ, այլ նաև պետք չէ, քանի որ դրանով կխախտենք կենսաբազմազանության մի կարևոր ցիկլ, որի հետևանքների մասին այս պահին միայն մոտավոր պատկերացումներ կարող ենք ունենալ և ոչ ավելին։ Ավելի պարզ եթե ասենք, նաև ինֆեկցիայով է պայմանավորված մարդկային իմունիտետի զարգացումը, մարդը արտաքին աշխարհի, այդ թվում և ինֆեկցիայի հետ շփվելու արդյունքում է զարգացնում իմունիտետ, և հենց դա է պատճառը, որ մի շարք մասնագետներ, պնդում են, որ որոշ ինֆեկցիաների դեմ պատվաստելու փոխարեն, ցանկալի է, որ երեխաները փոքր տարիքում «շփվեն այդ հարուցիչների հետ»։ Քանի որ, որոշ դեպքերում մանկական ինֆեկցիաները հանգեցնում են «ցմահ իմունիտետի», մինչդեռ պատվաստելիս, դրանց նկատմամբ իմունիտետը «ժամանակավոր է»։ Ինչևէ, վերը նշածից կարելի է ենթադրել, որ պատվաստումներից մասսայական հրաժարումը կարող է հանգեցնել «հին համաճարակների վերադարձին», ինչի հետևանքով կունենաք հարյուրավոր, հազարավոր և նույնիսկ միլիոնավոր մահեր՝ բնակչության թվի հստակ կրճատմամբ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ պատվաստումների դեմ մասայական տարվող քարոզը, որը «հիմնավորվում է» բնակչության թիվը կրճատելու ռիսկով, ոչ պակաս հղի է նույն ռիսկով։

Արդյո՞ք կարող ենք պնդել, որ լրիվ արհեստածին է հանրային մտավախությունն այս հարցի շուրջ։ Պարզվում է՝ այդքան էլ այդպես չէ։

Կոնտրացեպտիվ (հակաբեղմնավորիչ) պատվաստանյութերի վերաբերյալ հրապարակումներ կան՝ սկսած 1900-ականներից։ Մինչև անգամ կան պատենտավորված հայտնագործություններ, որտեղ տարատեսակ պատճառներ են բերվում կոնտրացեպտիվ վակցինաների ստացման և կիրառման վերաբերյալ, սկսած ինչ-ինչ հիվանդությունների դեպքում վտանգավոր հղիությունը կանխելուց, վերջացրած արդեն իսկ վերը նշած՝ «բնակչության թվի կարգավորման անհրաժեշտությամբ»։ Այդպիսի մի հետաքրքիր հոդվածի կարող եք ծանոթանալ այս հղումով, որտեղ ի թիվս այլ արժեքավոր տեղեկությունների, ցույց է տրված նաև, թե ինչ մեխանիզմով կարող է աշխատել, այսպես կոչված, «խաչաձև ակտիվությունը»։ (Հոդվածի հեղինակի մասին կարող եք կարդալ այստեղ):

Մասնավորապես բերված են հակաբեղմնավորիչ էֆեկտ ունեցող տարբեր պատվաստանյութերի օրինակներ, դրանց ազդեցության մեխանիզմը և այլն։ Խոսք կա խորիոնային գոնադոտրոպին հորմոնի հետ համակցված փայտացման ցուպիկի դեմ պատվաստանյութի ստացման մասին։ Մարդու խորիոնային գոնադոտրոպինը հղիության սպեցիֆիկ հորմոն է, արտադրվում է հղիության ժամանակ՝ ընկերքի կողմից, երբեմն ասում են նաև հղիությունը պահող հորմոն։ Իսկ փայտացման հարուցիչը՝ բավականին ծանր հիվանդություն է առաջացնում՝ հաճախ մահացու ելքով։ Առաջինը, որպես կանոն օրգանիզմի կողմից իբրև վտանգ չի ընկալվում, երկրորդի համար՝ սինթեզվում են հակամարմիններ։ Այդ երկուսը, կամ դրանց բաղադրիչները միմյանց միացնելով, փայտացման հարուցչի դեմ սինթեզված հակամարմինները «վնասակար են ճանաչում» նաև խորիոնային գոնադոտրոպինը։ Այլ կերպ, այդպիսի պատվաստանյութով պատվաստվելուց հետո, այդ հորմոնի հայտնվելն օրգանիզմում՝ օրգանիզմի կողմից ընկալվում է իբրև վտանգ և օրգանիզմը սկսում է պայքարել դրա դեմ։ Հետևանքները, կարծում եմ, պարզ են՝ հղիության ընդհատում։ Սա մեխանիզմի մի օրինակն էր։ Ի դեպ, այս մասին մամուլում և այլ աղբյուրներում եղել են տարատեսակ հրապարակումներ։

Օրինակ այստեղ, որ մասնագիտական ռեսուրս է, պատմվում է, թե ինչպես 1990-ականներին ԱՀԿ-ի կողմից ղեկավարվող փայտացման դեմ պատվաստման մասսայական մի ծրագրի շրջանակներում, որն անց էր կացվում Նիկարագուայում, Մեքսիկայում և Ֆիլիպիններում, կասկածելի պահանջները տեղական կառույցների մոտ առաջ են բերել մտահոգություն և ստիպել են հետազոտել պատվաստանյութը, որտեղ հայտնաբերվել է խորիոնային գոնադոտրոպին։ Բնականաբար, սա, մեղմ ասած, մտահոգիչ պետք է լիներ ցանկացած մտածող մարդու համար, հատկապես, երբ պատվաստման ծրագիրը նախատեսված էր միայն վերարտադրողական տարիքում (15-45) գտնվող կանանց և աղջիկների համար, մինչդեռ տղամարդկանց և երեխաներին չէր արվում։ Տեղեկություններ կան նաև, որ որևէ կնոջ տեղյակ չի պահվել, որ պատվաստանյութի պարունակությունը կարող է առաջացնել վիժում։ Եւ սա ԱՀԿ (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն)-ի կողմից հսկվող ծրագրի շրջանակներում։ Առաջարկում եմ անցնել հղումով և կարդալ, թե ինչպիսի կազմակերպությունների ներգրավվածության հարցն է քննվում. ՄԱԿ-ի զարգացման ֆոնդ, Համաշխարհային Բանկ, ԱՄՆ-ի Երեխաների Առողջության և Մարդկային Զարգացման Ազգային Ինստիտուտ …. Վեհ են չէ՞ հնչում… Ինչ խոսք… պարզապես ճչում են քաղաքակրթությամբ և հումանիզմով…

Իսկ այստեղ և այստեղ նույն խնդրի վերաբերյալ ահազանգում են արդեն Քենիայի մասին…

Ակամայից հիշեցի, թե ինչպես էին 2007թ. հոկտեմբերի 1-13-ը համազգային պատվաստման երկշաբաթ հայտարարել։ Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստվելու կոչերով հանդես էին գալիս անգամ շոուբիզնեսի ներկայացուցիչները։ Պլանավորված էր 6-27 տարեկան մոտ 1մլն մարդու երկրի ողջ տարածքում պատվաստել։ Բնականաբար, պատվաստանյութն անցել էր ԱՀԿ սերտիֆիկացիան (համենայն դեպս, այդպես ներկայացվում էր), պատվաստվելը «կամավոր» էր։ Աշխատանքի սխեման՝ ստանդարտ. շոուբիզնեսի, դերասանների և տարատեսակ այլ հանրահայտ դեմքերի (ֆեյսբուքյան աշխուժակներն այդ ժամանակահատվածում դեռ ակտուալ չէին)՝ պատվաստվելու մասսայական հորդորի ֆոնին, մամուլում լույս են տեսնում հոդվածներ՝ թե կարմրուկ-կարմրախտի համաճարակ է, «հիվանդանոցները պայթում են վարակվածներից», ուսումնական հաստատություններում և հիմնարկներում «զգուշացնում են», որ եթե չպատվաստվեն՝ չեն թողնի դասի (գործի) հաճախել, դե իսկ դասից տևական բացակայելը՝ հղի է հեռացման ռիսկով և այլ ծանր հետևանքներով, ուստի մարդիկ «կամավոր» պատվաստվեցին։ Իհարկե, հետո վիժումների և այլ բարդությունների վերաբերյալ բազմաթիվ լուրեր եղան, «խոսակցություններ գնացին» անգամ, թե պատվաստանյութը Հնդկաստանից բերված անորակ բան էր, բայց այդպես էլ չտեսանք, որ դրա համար որևէ մեկը դատվեր, կամ որևէ շոուբիզնեսի «ռեկլամշիկ» պատասխանատվության ենթարկվեր իր արած քարոզի համար։

Ավելին, 2015 թվականին «Հետքը» մի քանի հոդված էր հրապարակել՝ կասկածելի պայմաններով իբրև «նվիրատվություն» Հայաստանին տրամադրված «գրիպի դեմ» պատվաստանյութի վերաբերյալ։ «Նվիրատուի» վերաբերյալ տեղեկատվությունը տանում է վերը հիշատակված կազմակերպությունների հետքերով։ Իսկ որ առավել հետաքրքրական է, նախարարության կազմած «հիմնավորման մեջ» մասնավորապես նշվում է. «Վերջին տարիներին գրիպով հիվանդացման աշխուժացման հետևանքով հանրապետությունում գրանցվում է անբարենպաստ համաճարակային իրավիճակ, որի արդյունքում վտանգվում է հատկապես ռիսկի խմբերի անձանց առողջությունը»։

Ընդ որում, ՀՀ ԱՆ-ն իբրև ռիսկի խմբեր է ներկայացրել զինված ուժերը, այսինքն` բանակը, բուժաշխատողներին, մանկատների սաներին և անձնակազմին, ծերանոցները և այլն:

Առավել հետաքրքրական է «Հետք»-ի հոդվածի հետևյալ կետը, որը մեջբերում եմ. «Հետաքրքիր է, որ ԱՆ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ որ տարիներին է աշխուժացել գրիպով հիվանդացությունը, սակայն նախարարության վիճակագրական տարեգրքերն այլ բան են ցույց տալիս: Ըստ դրանց՝ գրիպով հիվանդանալու դեպքերը 2009-2013 թթ. 1990-ականների կամ 2000-ականների սկզբների եւ կեսերի համեմատ կտրուկ նվազել են: Ինֆոգրաֆիկայով ներկայացնենք գրիպով հիվանդացության պաշտոնական տվյալները` բացարձակ եւ հարաբերական (100.000 մարդու հաշվով) թվերով: 2012-ին դեպքեր չեն արձանագրվել»։

Ի դեպ, սրանք միակ տարօրինակ և կասկածելի դրվագները չեն այս պատմության մեջ։
Հիշատակություն կա նաև վերոհիշյալ «նվիրատուների» և պաշտոնյաների պաշտոնավարման շրջանում ալյուրի հարստացման թեմայի ակտիվացման տարօրինակ զուգադիպությունների վերաբերյալ։

Ինֆոգրաֆիկային և հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով:
Այս նյութի շարունակության մեջ նշվում է նաև ԱՆ-ի ստանձնած, մեղմ ասած՝ տարօրինակ պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, որ «ԱՆ-ն պիտի ապահովի, որ գրիպի պատվաստանյութը չօգտագործվի հետազոտական նպատակներով՝ առանց կենտրոնի նախնական, ամբողջական գրավոր հաստատման», որ «ԱՆ-ն պարտավոր է հատուցել, պաշտպանել և անվնաս պահել TFGH-ն, GHS-ն, «Կանաչ խաչը» և նրանց համապատասխան տնօրեններին, ղեկավարներին, աշխատակիցներին, գործակալներին, ներկայացուցիչներին և անձանց բոլոր այն «մեղադրանքներից», որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առաջանում են Հայաստանում պատվաստանյութերի մատակարարման, տարածման, վերափաթեթավորման կամ կիրառման արդյունքում»:

Ընդ որում, այս մասով «մեղադրանք» նշանակում է «որևէ պահանջ և պարտավորություն երրորդ կողմի նկատմամբ և վերջինիս հետ կապված ծախսեր (նաև դատարան, վարչական գործակալություն, դատաքննիչ կամ այլ տրիբունալ), այդ թվում, առանց սահմանափակման, վնասներ (ուղղակի, հետևանքային, պատահական կամ պատժիչ), վճիռներ, մրցանակներ, տուգանքներ, տույժեր, բնակավայրեր, ուսումնասիրություններ, ծախսեր, իրավաբանական վճարներ եւ բաշխումներ, մտավոր իրավունքների խախտումներ Հայաստանում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Արժե ընդգծել նաև, որ նախարարությունը պարտավոր է ներկայացնել հաշվետվություն, որում «պիտի նշվեն պատվաստված անձանց թիվը՝ ըստ ռիսկային խմբերի, գրիպի մոնիտորինգի արդյունքները, պատվաստանյութերի մնացորդային պաշարը, քանակը, պիտանելիության ժամկետը, մնացորդային պաշարի գտնվելու ճշգրիտ վայրը»։

Զինված ուժերին տրամադրվելիք «նվերի» մասին հրապարակում կա նաև 2014 թվականին, մեկ այլ աղբյուրում:

2015 թվականի մեկ այլ հրապարակումից պարզ է դառնում, որ վերոհիշյալ պատվաստանյութը իրացվել է, այսպես կոչված, ռիսկի խմբերում, ի թիվս որոնց նշվել են, ծերանոցներում ապրող ծերերը, մանկատներում ապրող երեխաները, հաշմանդամները և այլն:

Այս ամենի ֆոնին, անհնար է չհիշել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «ընտանեկան բռնության» օրենքը և դրա ջատագովների ողջ բանակը, որոնց մի ստվար զանգվածն էլ այս կամ այն կերպ առնչվում են այս թեմային։ Ակամայից ստիպված ես լինում մտածել ապաստարանների և «պետության ու ՀԿ-ների հոգածության ներքո» գտնվող այդ ապաստարաններ տեղափոխված խոցելի խմբերի մասին։
Եւ ցավոք, սա ամենը չէ, այսպիսի հրապարակումները պարբերական բնույթ են կրում.

Այժմ անցնեք հոդվածի առիթ հանդիսացած պատվաստանյութին՝ Գարդասիլին։

Վերջերս ընդունված որոշման համաձայն, նշվում է, որ 16.000 դեռահաս՝ 13 տարեկան աղջիկներ պետք է կամավոր (ՊԵՏՔ Է ԿԱՄԱՎՈՐ, հավանաբար՝ Կամավոր-Պարտադիր) պատվաստվեն Գարդասիլ կոչվող պատվաստանյութով՝ արգանդի վզիկի քաղցկեղը կանխելու համար։

Նախ, ի սկզբանե տարօրինակ է, որ կամավոր պատվաստման համար հստակ՝ 16.000 թիվ է նշվում։ Երկրորդը, ըստ տվյալների՝ արգանդի վզիկի քաղցկեղից տարեկան մահացությունները կազմում են 130 կին։ Զուտ թվերի տեսքով եթե նայենք, ապա 130-ը կազմում է 16.000-ի չնչին՝ մոտ 0.8%-ը։ Ես չեմ նշում անգամ, թե Հայաստանում կանանց թվի քանի տոկոսն է կազմում, և ընդհանուր մահացության տարբեր ցուցանիշների (օրինակ, սիրտ-անոթային հիվանդությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների և այլն) մեջ, որերորդ տեղն է զբաղեցնում։ Բայց քանի որ գործ ունենք ոչ թե զուտ թվերի, այլ մարդկային կյանքերի հետ, ապա այստեղ անհրաժեշտ է անհատական մոտեցում՝ ինչպես մարդը մարդուն։ Մինչդեռ Գարդասիլը, վստահաբար, անհատական մոտեցումը չէ։

Փորձենք հասկանալ։

Որևէ դեղանյութ մինչև շուկա մտնելն անցնում է տարատեսակ հետազոտություններ, այդ թվում և հետազոտություններ կենդանիների վրա, հետագայում՝ կլինիկական փորձարկումներ՝ կամավորների վրա, պլացեբո էֆեկտ և այլն, և այլն։ Ներկայիս ապացուցողական բժշկության պայմաններում ավելի են խստացվում այդ պահանջները։
Օրինակ, եթե ասենք գլխացավի կանխման համար օգտագործվում են միաժամանակ չորս նյութ A, B, C և D, ապա դժվար է ասել, թե կոնկրետ որ նյութի շնորհիվ է նվազեցվել գլխացավը, կամ արդյո՞ք դրանց համակցման արդյունքում չի կանխվել։ Դրա համար, կարիք է լինում տվյալ նյութերն առանձին փորձարկել, կամ դիտել այլ համակցումներում դրսևորումները, ինչպես նաև ստուգել պլացեբո էֆեկտը։ Օրինակ, վերջերս շատացել են հրապարակումները, որոնք ցույց են տալիս, որ ձեռքի պատահական ոչ շատ լուրջ վնասվածքների դեպքում այդքան էլ արդարացված չեն անտիբիոտիկների պարտադիր նշանակումները։ Քանի որ, ցույց է տրվել, որ վերքը լավ լվանալուց, մշակելուց հետո ինֆեկցիայի զարգացման հավանականությունը գործնականում չի տարբերվում այդ ամենն անելուց հետո անտիբիոտիկների կիրառման ցուցանիշներից։ Այլ կերպ ասած՝ մեծ հարցական է իրականում միայն անտիբիոտիկն է օգնել ինֆեկցիայի կանխմանը, թե՞ վերքի պատշաճ վիրաբուժական մշակումը։

Ինչի՞ համար եմ սա նշում, որովհետև նույն Գարդասիլի հետ կապված, քաղցկեղի կանխարգելման համար նշվում է դրա զուգակցված կիրառումը մի շարք մեթոդների հետ, այդ թվում և սկրինինգների, ՊԱՊ թեսթի և բուժման այլ մեթոդների հետ։
Ավելին, Ամերիկայի ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպության՝ Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնի (CDC) ուղեցույցում, որտեղ նշվում են, թե ինչպես խուսափել ՄՊՎ-ից (մարդու պապիլոմավիրուսից), պատվաստմանը զուգահեռ բերվում են և այլ կետեր.

1. Պատվաստվել. CDC-ն խորհուրդ է տալիս (ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ) 11-12 տարեկան ՏՂԱՆԵՐԻՆ և ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ներարկել ՄՊՎ-պատվաստանյութի 2 դոզա՝ ՄՊՎ-ով հարուցված քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:

2. Անցնել արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ. 21-65 տարեկան ԿԱՆԱՅՔ պետք է տարեկան 1 անգամ այցելեն գինեկոլոգի:

3. Օգտագործել պահպանակ սեռական ակտի սկզբից ևեթ: Սա կարող է նվազեցնել ՄՊՎ-վարակի ռիսկը, սակայն վարակը կարող է անցնել պահպանակով չծածկված մասերով: Ուստի պահպանակը ՄՊՎ-վարակից լիարժեք խուսափելու միջոց չէ:

4. Լինել փոխադարձ մոնոգամ (մենամուսնական) հարաբերությունների մեջ, կամ սեքսով զբաղվել միայն այն անձի հետ, ով սեռական հարաբերություն է ունենում միայն Ձեզ հետ:

Այսինքն՝ ՄԻԱՅՆ պատվաստվելը բավարար չէ կանխելու և բացառելու համար արգանդի վզիկի քաղցկեղը։ Եւ հարց է առաջանում, իսկ կա՞ վստահություն, որ դա է առանցքային կանխարգելիչ գործոնը։ Պարզվում է, որ մտահոգություններն այդքան էլ անտեղի չեն։
Մասնավորապես, ստորև ցուցադրվող պատկերում, ներկայացվում է արգանդի վզիկի քաղցկեղի վիճակագրությունը Ավստրալիայում 1968-2014 թթ.։ Գարդասիլով պատվաստումը Ավստրալիայում ներդրվել է 2007 թվականից։ Գրաֆիկին նայելիս տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ էր մահացության ցուցանիշը նվազում՝ նախքան վակցինացիան և նույնիսկ մի քիչ բարձրացել է վակցինացիան սկսելուց հետո, և 2014թ․ նոր իջել է 2007թ․ մակարդակին։ (Ի դեպ, սա միակ նյութը չէ, և նմանատիպ հետազոտություններ՝ նմանատիպ արդյունքներով, արվել են նաև Եվրոպական այլ երկրներում)։

Այստեղ առավել տրամաբանական է ենթադրել, որ իրական կանխարգելմանը նպաստել են ոչ թե պատվաստումը, այլ ժամանակին արված հետազոտությունները, ՊԱՊ թեսթը, բուժման այլ մեթոդներ։ Համեմատության համար, Եվրոպայում ՊԱՊ թեսթ պարբերաբար հանձնողների թիվը 53% է, իսկ Հայաստանում 2015-2016 թվականների համար այն եղել է ընդամենը 7%: Այսինքն, եթե պետությունն իսկապես մտահոգ է արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունների թվի նվազմամբ, ապա պետք է ոչ թե կրճատի առողջապահությանը և գիտությանը տրամադրվող բյուջեն, այլ ճիշտ հակառակը՝ ավելացնի կանխարգելիչ հետազոտությունների հասանելիությունը, ՊԱՊ սկրինինգը և այլ հետազոտությունները՝ դրանք դարձնելով առավել մատչելի բոլորի համար։ Հատկապես, երբ հայտնի է, որ արգանդի վզիկի քաղցկեղի միակ պատճառը այդ պատվաստանյութով ենթադրաբար կանխվող ՄՊՎ-ի մեկ երկու տեսակը չեն միայն։ Ավելին, ԱՄՆ պարենի և դեղերի վարչության (FDA) հատուկ հանձնախումբը մտահոգություն է հայտնել, պատվաստվածների մոտ պատվաստանյութում չներառված շճատիպերի պատճառով առաջացող CIN2/3 և ավելի ծանր վիճակների ավելի բարձր ռիսկի կապակցությամբ, քան չպատվաստվածների մոտ է նկատվում։

Որոշ հրապարակումներ կան, որոնք ցույց են տալիս, որ ամեն ինչ չէ «մաքուր» նաև պլացեբո հետազոտությունների հարցում։

Եւ սա էլ դեռ ամենը չէ։ Կան մարդիկ, ովքեր մասնագետի դիպլոմը ձեռքին, դեմքի խելացի արտահայտությամբ այստեղ-այնտեղ պնդում են, թե որևէ մտահոգություն չկա և չի կարող լինել, որ Գարդասիլը կարող է վնասել կնոջ վերարտադրողական ֆունկցիան։
Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ եթե պատվաստանյութը պրակտիկայում 2006 թվականից՝ 11-12 տարեկանների պատվաստման համար սկսել է կիրառվել, ապա դրանից մոտ 10 տարի հետո (այսինքն նոր-նոր) այդ երեխաները պիտի հասնեն վերարտադրողական տարիքի։ Եւ շատ հարցերի պատասխաններ դեռ նոր-նոր պետք է տրվեն։ Էլ չասենք, որ ցանկացած նյութի հետ կապված պետք է ստուգվեն ոչ միայն հնարավոր մոտակա բարդություններն ու հետևանքները, այլ նաև հեռակա՝ շատ տարիներ անց ի հայտ եկողները։ Իսկ այստեղ կարծես բավարար չեն հետազոտություններն այդ առումով, որովհետև, նախ և առաջ բավարար ժամանակահատված չի անցել դեռ։

Ավելին, Գարդասիլի և այլ պատվաստանյութերի բաղադրության մեջ հիշատակվող Պոլիսորբատ 80 (կամ այլ անուններով, օրինակ՝ Tween 80, կարդալ հոմանիշներն այստեղից) նյութը, փորձարկումների ժամանակ առնետների մոտ առաջ է բերել ձվարանների դեգրադացիոն խնդիրներ: Ավելին, այդ նյութը խորհուրդ է տրվում ունենալ մարդու և կենդանիների համար նախատեսված որոշ պատվաստանյութերում։ Մասնավորապես այս հոդվածում, որտեղ խորհուրդ է տրվում ունենալ այդ նյութը, ներկայացվում է կենդանիների աճը և վերարտադրությունը կանխող (կենդանիներին ստերիլիզացնելու համար նախատեսված) պատվաստանյութ։

Սրա և այս տեսակ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ պարբերաբար հրապարակումներ է արվում ֆեյսբուքյան Հանուն առողջ սերնդի խմբում:

Մասնավորապես, հսկայական ծավալի աշխատանք է կատարել ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը։ Բավական է խմբում որոնել #Գարդասիլ հեշթեգով և կգտնեք այս տեսակ բազմաթիվ նյութեր։

Տիկին Ջրբաշյանի հերթական գրառում-մտահոգությունը մեջբերում եմ նաև այստեղ.

«Դե թող որևէ մեկն ասի թե գարդասիլի պատճառով առաջացող անպտղության մասին անհանգստություններն անհիմն են․․․

«Մանկաբույժների ամերիկյան քոլեջի» հայտարարությունը ՄՊՎ պատվաստանյութերի կապակցությամբ․ Կան տրամաբանական մտահոգություններ, որոնք պատասխան են պահանջում.

1) Ձվարանի ֆունկցիայի երկարաժամկետ գնահատում չի արվել ոչ առնետների վրա արված պատվաստանյութի անվտանգության օրիգինալ ուսումնասիրություններում, ոչ էլ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումներում:

2) Առաջնային բուժօգնության բժիշկների մեծ մասը հավանաբար տեղյակ չէ ՄՊՎ4-ի (Գարդասիլ) և ձվարանի ֆունկցիայի վաղաժամ ձախողման (Premature Ovarian Failure – POF) կամ երկարատև ամենոռեայի (դաշտանի բացակայության) հնարավոր առնչությանը և նրանք չեն զեկուցում այդ դեպքերի մասին «Պատվաստումների բացասական հետևանքների զեկուցման համակարգին» (Vaccine Adverse Effect Reporting System – VAERS):

3) Ազդեցության հնարավոր մեխանիզմները բացատրվել են հիմնականում ալյումինի հավելանյութի (aluminum adjuvant) աուտոիմուն ռեակցիայով և պատվաստանյութերի մեկ այլ բաղադրիչի՝ պոլիսորբատ 80-ի (polysorbate 80) առնետների ձվարանների վրա գրանցված տոքսիկ ազդեցությամբ:

4) 2006թ.-ին Գարդասիլի լիցենզավորումից հետո 213 հետպատվատումային անբարեհաջող դեպքի զեկույց է եղել, որոնք ներառում են ամենոռեա կամ վաղաժամ դաշտանադադար, որոնց 88%-ը կապված են Գարդասիլի հետ:

Երկվալենտ Ցերվարիքս պատվաստանյութը լիցենզիա ստացել է 2009թ. վերջին և կազմում է VAERS 2006 թ.-ից ի վեր ամենոռեայի դեպքերի 4.7%-ը: Համեմատության համար նշվում է, որ 1990-2006 թվականներին, այսինքն նախքան ՄՊՎ պատվաստումները սկսելու ժամանակաշրջանում, ձվարանի ֆունկցիայի վաղաժամ ձախողման և վաղաժամ դաշտանադադարի որևէ դեպք ՉԻ գրանցվել և ամենոռեայի 32 դեպք է զեկուցվել VAERS:

2006թ․ից VAERS-ի՝ ձվարանների ֆունկցիայի ձախողման, վաղաժամ դաշտանադադարի, և/կամ ամենոռեայի վերաբերյալ զեկույցները սահմանափակվել են դաշտանի նվազագույնը 4 ամիս տևող բացակայությամբ ուղեկցվող դեպքերով։ Դրանց գերակշիռ մեծամասնությունը (76%) (2006թ-ից սկսած) կապված է միայն Գարդասիլի հետ: Գրանցված 89 դեպքերից 86-ը կապված են Գարդասիլի, 3-ը՝ Ցերվարիքսի հետ:
Քոլեջն այս հայտարարությունը տարածում է, որպեսզի ՄՊՎ-ի դեմ պատվաստվելու մտադրություն ունեցող անհատները տեղյակ լինեն այս մտահոգություններին, որոնք սպասում են կարգավորող գործակալությունների և արտադրողների հետագա գործողություններին: Չնայած, որ Գարդասիլի և ձվարանների դիսֆունկցիայի միջև պատճառական կապի ամուր վկայություն չկա, այս տեղեկությունները պետք է հանրայնացվեն բժիշկների և պացիենտների համար, որոնք դիտարկում են այդ պատվաստումը:»

Մինչդեռ տարօրինակ է, որ այս հրապարակումները և մտահոգությունները կարծես «վրիպում են» որոշ մասնագետների և նախարարության որոշ պաշտոնյաների տեսադաշտից։ Ավելին, որոշ նախկին, ներկա, և կարծես արդեն նշմարվող՝ ապագա պաշտոնյաներ զբաղված են պատվաստանյութի ակտիվ քարոզով և համառորեն (իսկ երբեմն էլ ցինիկ լպիրշությամբ) պնդում են, թե բոլոր կասկածներն անհիմն են։ Ավելին, տարօրինակ է նաև, որ սրա ակտիվ քարոզն արվում է նաև ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով, և վաղն առաջացած լուրջ հարցերի դեպքում, դժվար կլինի գտնել այդ մարդկանց։

Ցավալի է, բայց ոմանց անգամ թվում է, թե միայն դիպլոմը լիուլի է և բավարար, որ իրենց ամեն ասված խոսք հալած յուղի տեղ ընդունվի դիմացինի կողմից։ Այո, դիպլոմն անհրաժեշտ, բայց ոչ բավարար է՝ հանրային վստահությանն արժանանալու համար։ Քանի որ հանրությունը, միգուցե չունի դիպլոմ, բայց ունի կարդալու, վերլուծելու, ուսումնասիրելու հնարավորություն, որոնց արդյունքում կարող են առաջ գալ շատ տեղին հարցադրումներ, և մասնագետները պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ այդ հարցադրումներին, այլ ոչ թե ինչպես ոմանք, այն աստիճանի կորցնել բանականությունը, որ մարդկանց բարձրացրած տեղին հարցերը բացատրեն արևմուտքի դեմ քարոզի և այդօրինակ պատճառաբանություններով։ Որոշների լպիրշությունն այն աստիճանի է հասել, որ իրենց թույլ են տալիս այս հարցում ևս ծաղրել հասարակության ազգային արժանապատվությունը, խաղարկելով «հայուգեն» և այս տեսակ տերմինները։ (Սրանց՝ այս տեսակին, կարիք չկա լուրջ ու մակարդակով պատասխանելու։ Սրանց համար լիուլի բավարար է ասել, ինչպես դասականը կասեր. «վայ «սիրեմ» ես ձեր գեները»… ):

Իսկ այստեղ մի քանի օրինակով ցույց տանք, որ նույնիսկ «քաղաքակիրթ արևմուտքը», զերծ չէ հրեշավոր հանցանքներից, անգամ՝ երբ խոսքը վերաբերվում է դիպլոմավորված «բժիշկներին»։ Ո՛չ, բնավ ֆաշիստական փորձերի մասին չեմ պատրաստվում գրել, այլ հայտնի մի քանի դասական օրինակների, որոնցից էր՝ Թալիդոմիդը, պրեպարատ, որը լիցենզավորված էր, և խորհուրդ էր տրվում հղիներին՝ նվազեցնելու համար սրտխառնոցը։ Սա կիրառվել էր Եվրոպական մի շարք երկրներում 1950-60-ականներին, և շրջանառությունից հանվել միայն այն ժամանակ, երբ շուրջ 12.000 երեխա ծնվեց տարատեսակ արատներով, որի պատճառն այս պրեպարատն էր։ Այս մասին կարող եք կարդալ օրինակ այստեղ:

Մեկ այլ օրինակ ԱՄՆ-ից, շուրջ 40 տարի տևած (1932-1972) հրեշավոր մի հետազոտության մասին, որի ժամանակ խնդիր էին դրել ուսումնասիրելու սիֆիլիսի բոլոր փուլերը, և դրա համար ընտրել էին մոտ 600 աղքատ սևամորթների (որոնցից մոտ 200-ը նախքան հետազոտությունը վարակված չէր սիֆիլիսով)։ Եւ անգամ այն ժամանակ, երբ 1947 թվականին Պենիցիլինը դառնում է սիֆիլիսի բուժման ստանդարտ, այդ մարդիկ չեն ստանում անհրաժեշտ բուժումը, այլ շարունակում են տառապել «էքսպերիմենտի» շրջանակներում ևս մոտ 25 տարի։ Հետագայում սրա համար ԱՄՆ նախագահն անգամ ներողություն էր խնդրել։ Բայց ու՞մ էր պետք այդ ներողությունը, եղածն արդեն եղած էր։
Եւ սրանք, ցավոք, միակ դեպքերը չեն։

Վերջերս Ֆրանսիայի հայ բժիշկների ջանքերով լույս է տեսել մի աշխատություն, որտեղ նկարագրված են հայ բժիշկների և բնակչության նկատմամբ Թուրքիայում, թուրք «բժիշկների» կողմից արված վայրագություններն ու հրեշավոր հանցագործությունները՝ ավելի վաղ, քան ֆաշիստական Գերմանիայում տեղի ունեցած էքսպերիմենտներն էին։ Եւ ի՞նչ, որևէ մեկը պատժվե՞լ էր դրա համար, իհարկե՝ ոչ, ավելին՝ գլխավոր դերակատարները ցայսօր Թուրքիայում բժշկագիտության հիմնադիրների համբավ են վայելում։
Ավելին, անգամ ֆաշիզմի զոհ դարձած Իսրայելն է թաթախված նմանատիպ սկանդալների մեջ։ Ստորև մամուլից բերվող մի հրապարակման մեջ (թեմային անդրադարձել էր նաև հայտնի Guardian պարբերականը), պատմվում է, որ Իսրայելի ԱՆ-ի մակարդակով տարիներ շարունակ հորմոնալ կոնտրացեպտիվների միջոցով Իսրայել տեղափոխվող եթովպացի «հրեաներին» ստերիլիզացրել են սահմանի վրա՝ առանց իրենց իմացության։ Փաստացի ստացվում է, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի երկրի ղեկավարությունը ինքն է ցեղասպանական գործողություններ իրականացնում այլ ժողովրդի նկատմամբ։

Եւ այս ամենից հետո, տեսնելով 21-րդ դարում ԶԼՄ-ների առաջ Իրաքում, Սիրիայում ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին, ռմբակոծություններից, քիմիական զենքերից սպանվող երեխաներին, օրգանների փոխպատվաստման համար սպանվող գերի կամ փախստական երեխաներին, հիվանդանոցների, դպրոցների վրա «պատահաբար» ընկած ռումբերը…. այս ամենին հաջորդող բարձրաստիճան չինովնիկների ցինիկ «ներողությունը», թե բա սխալվել ենք, իսկ երբեմն անգամ դրա բացակայությունը, ցայսօր ժխտվող Հայոց ցեղասպանությունը և այլն, և այլն… խոսել քաղաքակիրթ աշխարհի, հումանիզմի և այլնի մասին, մեղմ ասած ծիծաղելի է։ Որովհետև բանական մարդն հասկանում է, որ բնության ստեղծումից ի վեր՝ միշտ, ՄԻ՛ՇՏ, կար, կա և կլինի մի անխափան գործող օրենք. տեսակների գոյության կենաց մահու կռվում հաղթում է և ապրում է ուժեղ տեսակը։ Եւ որևէ մեկի ուշքը չի գնում մեր համար, որևէ մեկն առավել մտահոգ չէ մեր տեսակի լինելիությամբ՝ քան մենք։ Համենայն դեպս, բանականությունը դա է ենթադրում։ Եւ ենթադրում է, որ պարտավոր ենք լինել ուժեղ և հզոր։

Այս ամենից հետո տրամաբանական հարց է առաջանում. իսկ ի՞նչ անել։

Ընդհանրապես, սրանք այն թեմաներն են, որտեղ անելիքն, այսպես կոչված, Ազգային Անվտանգության Ծառայություններինն է։ Սակայն հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք պրոցեսներ, հարցեր, այնպիսիք ինչպիսին, օրինակ, «Ընտանեկան բռնություն» անվան տակ ներկայացված «օրենսդրական» աղբն էր, վերը հիշատակած և այլ դեպքեր, շատ շատերին ստիպում են մտածել, որ մեզ մոտ ոչ թե Ազգային Անվտագության Ծառայություն (ԱԱԾ) է, այլ Քաղաքական Անվտագության Ծառայություն (ՔԱԾ)։ Այլապես, շատ հարցեր լրիվ այլ ընթացք կստանային։ Ցավոք, պետությունը չունի նաև անհրաժեշտ լաբորատորիաներ՝ ստեղծելու, կամ հետազոտելու համար «նվիրատվությամբ» ստացված «նվերների» անվտանգությունը։ Ցավոք, բայց մոտ հեռանկարում դժվար էլ ունենանք նման լաբորատորիաներ, որովհետև դրա համար կարծես քաղաքական կամքն էլ բավարար չէ, ավելին՝ դրա փոխարեն կրճատվում է Գիտությանը և Կրթությանը հատկացվող բյուջեն… Ցավոք

Եւ ինչպես միշտ՝ ազգի անվտանգությանն առնչվող հարցերը դարձյալ մնում են առանձին անհատների ուսերին։ Անհատների, ովքեր իրենց առողջության, գործի, քնի, կյանքի հաշվին անում են բաներ, որոնք ի պաշտոնե ամենևին էլ պարտավոր չեն անել, որովհետև, ցավոք, ի պաշտոնե դրա համար գոյություն ունեցող ոմանք ընդամենը հաստիք են մաշում, կամ հաստիքն օգտագործում են իբրև տանիք՝ տարատեսակ բիզնեսների համար և այլն։ Ցավոք, մեր պետությունը դեռ շատ հեռու է ճիշտ ու գրագետ կադրային քաղաքականություն վարելուց, ցավոք, երբեմն որոշ կադրեր ավելի շատ հակապետական, հակազգային գործունեությամբ են աչքի ընկնում։ Նման օրինակների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։ Դրանցից մեկի մասին, կարող եք կարդալ այստեղ և այստեղ:

Եւ քանի որ դարձյալ հարցը մնացել է անհատների ուսերին, ապա ստիպված պետք է նախարարությանը, թեմայի ջատագովներին և կատարողներին ուղիղ հարց հղել.

– Եթե դուք պարտադրում եք, որ ծնողը ստորագրի, որ կամավոր հրաժարվում է պատվաստումից՝ իր վրա վերցնելով հնարավոր բոլոր հետևանքները, արդյո՞ք պատվաստանյութն առաջարկելիս, դուք պարտադիր կերպով ներկայացնում եք դրա հետ կապված հնարավոր ռիսկերը և վտանգները։ Մասնավորապես, արդյո՞ք ներարկումն անելուց առաջ պարտադիր կերպով գրավոր ներկայացվում է, որ պատվաստանյութի բաղադրության մեջ առկա է, օրինակ, պոլիսորբատ 80 նյութը, որը կարող է առաջացնել ձվարանների խնդիրներ՝ վերարտադրողական ֆունկցիայի բոլոր հնարավոր բացասական հետևանքներով, և որ դուք, դա պատվաստելով պատասխանատվություն եք կրում հնարավոր բարդությունների համար։ Ստորագրո՞ւմ եք նման թուղթ, կամ տալի՞ս եք ստորագրելու դա երեխայի ծնողին, որ նա տեղեկացված է այդ մասին՝ նախքան «կամավոր» կթույլատրի պատվաստել իր երեխային, թե՞ անգամ պոլիկլինիկայում աշխատողները բավարար տեղյակ չեն այս ամենից։

Որքան էլ ոմանք համառորեն պնդեն, որ այս թեմայում «սաղ թամամ է» ու խնդիր չկա, կարծում եմ ակնհայտ է, որ դեռ բազում «ոչ թամամ» հարցեր կան։ Ու խնդիրը միայն բժշկական համակարգի նկատմամբ անբավարար վստահությունը չէ։ Այն, որ դեռ որոշ նորավարտ օրդինատորներ ակադեմիկի հայացքով և ինտոնացիայով խոսում են պացիենտի հետ՝ նրան հաճախ դիտարկելով իբրև տգիտության մարմնացում և անգրագիտության էտալոն (որքան էլ, ցավոք, հենց այդպիսիք երբեմն պատահում են մեր պրակտիկայում), դա դեռ չի նշանակում, որ պացիենտն անուղեղ է, տեղեկացված լինելու և մտահոգություն հայտնելու իրավունք չունի։ Ճիշտ հակառակը։

Այն, որ ոմանք մինչև հիմա չեն հասկացել, որ միայն անգլերենի իմացությունը և PubMed-ից օգտվելու կարողությունը դեռ բավարար չեն գիտնական կոչվելու համար, և որ անհրաժեշտ է նաև նվազագույն անալիտիկ ունակություն ոչ միայն կարդալու և ընդունելու, այլ նաև վերլուծելու, համեմատելու, քննելու, վերստուգելու համար, դա էլ մեկ այլ խնդիր է մերօրյա «գիտունիկների» համար։

Եւ տրամաբանական է, որ առողջ բանականությամբ մարդկանց և հատկապես մասնագետների մոտ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, որոնց պատասխանները ստանալու տեսլական մոտ ապագայում կարծես թե չկա՝ ելնելով պաշտոնական կողմի բռնած դիրքից։

Այս նյութս գրելու ընթացքում, հերթական մասնագետն է իր մտահոգությունն հայտնել՝ ալերգոլոգ-իմունոլոգ, Արմեն Սանոսյանը, որը վերջերս է PhD (թեկնածուականին համազոր) պաշտպանել Մոնպելյեի համալսարանում (Ֆրանսիա)։ Նրա գրառումը ցանկանում եմ մեջբերել այստեղ.

«Խնդրում եմ այս պատվաստանյութը ներդնող մասնագետներին պատասխանել մի քանի ծավալուն հարցի.

Ա. Որքա՞ն է ՀՀ-ում արգանդի վզիկի քաղցկեղի հաճախականությունն այն կանանց մոտ, որոնք կատարել են բոլոր ՊԱՊ քսուքները:

Բ. Մինչև որքա՞ն եք կանխատեսում իջեցնել արգանդի վզիկի քաղցկեղի հաճախականությունն այս պատվաստանյութով:

Գ. Որքա՞ն աղջիկ պետք է պատվաստվի ՀՀ-ում, որպեսզի կանխվի արգանդի վզիկի քաղցկեղի գոնե 1 դեպք:

Դ. Որքա՞ն կին է հետևում ՊԱՊ քսուքի կատարման սխեմային ՀՀ-ում:

Ե. Ինչո՞ւ, եթե վաղը պատվաստված կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերվի, նա կբուժվի անվճար, իսկ այն կանայք, ովքեր այսօր հետևում են ՊԱՊ քսուքի սխեմային, և նրանց մոտ հայտնաբերվում է ուռուցք, չեն վիրահատվելու անվճար:

Զ. Ինչո՞ւ այս գումարները չենք ներդնում արդեն ապացուցված արդյունավետությամբ մեթոդի՝ ՊԱՊ քսուքի դրա հանրայնացման մեջ, այլ ներմուծում ենք մի վակցինա, որի կատարման համար բժիշկը պարտավոր է 13 տ. աղջնակին ծնողի ներկայությամբ հարցնել՝ արդյո՞ք նա սեռական հարաբերություն ունեցել է, թե՝ ոչ:

Է. Ո՞ր տարիքից է հայ աղջիկը հասկանում սեռական հարաբերության մասին ՀՀ-ում, հատկապես մարզերում ու հեռավոր գյուղերում:

Ը. Արդյո՞ք 1 հիվանդության կրկնակի կանխարգելման համար այս գումարներն ավելի արդյունավետ չէին ներդրվի այլ կանխարգելումներում, որոնք պարտադիր են, բայց բացակայում են շատ տեղերում՝ մամոգրաֆիա, կոլոնոսկոպիա, լիպիդային պրոֆիլ, որովայնային աորտայի սոնոգրաֆիա, և այլն…

Սրանք զուտ համաճարակաբանական հարցեր են: Դեռ այդքան ու մի երկու այդքան հարցեր էլ կան իմունոլոգիական առումով, հատկապես այն դեպքում, երբ վարակվածների միայն 0.013%-ի մոտ է առաջանում քաղցկեղ, և մենք գաղափար չունենք սուր ինֆեկցիայի ընթացքի ու նշանակության մասին (Alizon S. Viruses 2017;9:293):»
Եւ մինչև համապատասխան գերատեսչություններից կլինեն դրված հարցերի պատասխանները, մինչև ոմանք կորոշեն վերջապես տեղից շարժվել ու ծառայել ազգի անվտանգությանը… առաջարկում եմ պարզապես դիտել այս թեմայով հայտնի սերիալը, որ կոչվում է Ուտոպիա։

Իսկ ես փորձեմ ամփոփել։

Ուղեղը էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերված կարևորագույն օրգան է՝ բարձրագույն անալիտիկ կենտրոն, որը, ընդհանուր առմամբ, ստեղծվել է ծառայելու տեսակի լինելիությանը՝ գոյության պայքարում հաղթելու համար։ Կյանքն էլ տեսակի լինելիության համար պայքար է՝ գոյության կռիվ, և բնությունից «պարգև հասած» ուղեղը տրված է նախ և առաջ դրան ծառայեցնելու և հետո նոր՝ մուսի-պուսի, զիզի-բիզի թեմաների համար։ Ոչ ոք ձեզնից բացի, ձեր փոխարեն պատասխանատվություն չի կրելու, եթե դուք դուրս մնաք էվոլյուցիայից։ Էնպես որ, օգտագործե՛ք ուղեղը։ Կարդացեք, ուսումնասիրեք, սովորեք…։ Եւ հիշեք. կյանքի կենսաբանական իմաստը՝ տեսակի պահպանումը և հավերժական կատարելագործումն է, կլինի անհատապես, թե, որ ավելի էֆեկտիվ է՝ Ազգովի։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում