Գագիկ Ծառուկյանի բիզնեսը հարկայինի ուշադրության կենտրոնում է

Այս օրերին որոշ կազմակերպություններում, որոնցում բաժնեմաս ունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում: Lurer.com-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումները բնականոն են, և մտահոգվելու որևէ պատճառ չկա.

«Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չենք տեսնում, քանի որ բոլոր այդ կազմակերպություններն իրենց հարկային պարտականությունները կատարում են կատարելապես և հանրության համար բացարձակապես թափանցիկ: Ավելին՝ «Multi Group» կոնցեռնը որդեգրել է ամեն եռամսյակը մեկ վճարված հարկերի մասով ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվություն տարածելու քաղաքականությունը, այնպես որ, կրկնում եմ’ սա բնականոն գործընթաց է:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ստուգումների վերաբերյալ առաջ էր քաշել քաղաքական հրահանգ լինելու վարկածը.

«Ըստ երևույթին, Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի»,-ասված էր հրապարակման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում