«Շոպենիանան» «վերադարձավ» խաղացանկ
Նմանատիպ
Մայրաքաղաքային թատերական օջախներում, հատկապես երկու ակադեմիական՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ու Գ. Սունդուկյանի անվան թատրոններում ավելի քան քառորդ դար է, ինչ նոր գեղարվեստական ղեկավար նշանակվելուն պես խաղացանկը լավագույն դեպքում մասնակի, հաճախ՝ հիմնովին փոփոխության է ենթարկվում: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։
Հասկանալի է. որոշ ներկայացումներ գուցե չեն համապատասխանում ակադեմիական թատրոնի կարգավիճակին, մեկ-երկուսն էլ անհրաժեշտ է վերանայել… Բայց այդ գործընթացում տուժում են նաեւ իսկապես բարձրարվեստ ու բարձրակարգ բեմադրություններ:
Խոսքը 1974թ. Երեւանի օպերային թատրոնում Ռուսաստանից հրավիրված բալետի ճանաչված արտիստ Տատյանա Նիկիտինայի խորեոգրաֆիայով Շոպենի հայտնի դաշնամուրային ստեղծագործությունների հիման վրա իրականացրած «Շոպենիանա» բեմադրության մասին է, որը թեեւ չունի կոնկրետ զարգացող սյուժետային գիծ, սակայն հանդիսատեսի առջեւ բացում է կոմպոզիտորի պոետիկ աշխարհը ու ստեղծում ոճաբանական իմաստով ամբողջական խորեոգրաֆիկ կոմպոզիցիա: Տեսարաններ օրերս կայացած «Շոպենիանայից»:
Հիշյալ ներկայացման պրեմիերան կայացել է դեռեւս 1907թ., Մարիինյան թատրոնում, Միխայիլ Ֆոկինի բեմադրությամբ: Իսկ հայ հանդիսատեսը մինչ օրս էլ հիշում է այն տարիներին Էլվիրա Մնացականյանի, Նադեժդա Խառատյանի, Նադեժդա Դավթյանի, Ելենա Պավլիդիի, Աննա Մարիկյանի, Սերգեյ Բարանովի, Ռաֆայել Ավնիկյանի, Հակոբ Գասպարյանի պլաստիկ կերպարների միջոցով արտահայտված Շոպենի երաժշտությանը հատուկ տրամադրությունները՝ ռոմանտիկ երազկոտությունից, մելամաղձոտ տխրությունից մինչեւ պայծառ ուրախություն:
Ի դեպ, «Շոպենիանան» անպակաս է հեղինակավոր թատրոնների խաղացանկից: Այս ստեղծագործության նշանակությունը համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ շատ մեծ է: Այն հնարավորություն տվեց բալետմայստերներին իրականացնել ներկայացումներ, որոնք ի սկզբանե նախորոշված չէին արտահայտվելու պարի լեզվով:
Օրերս՝ ավելի քան 5 տարի ընդմիջումից հետո, Երեւանի օպերային թատրոնը անդրադարձավ ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած այս ներկայացմանը, որի վերականգնման աշխատանքները սկսվել էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի՝ ընթացիկ թատերաշրջանի սկզբից որպես բալետային խմբի ղեկավար թատրոն վերադառնալուն պես:
Դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Իրենց արվեստով փայլեցին ծանոթ անուններ Մերի Հովհաննիսյանը, Տաթեւիկ Բոլշիկյանը, Արշալույս Մարգարյանը, Միլիտոն Կիրակոսյանը: Հրաշալի էր նաեւ կորդեբալետի արտիստների պարը: Իհարկե, այս ամենը փորձավարներ, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի, Ելենա Պավլիդիի, Էմմա Նահապետյանի ամենօրյա աշխատանքի արդյունքն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում