Արմեն Աշոտյան. Չկա մի մարդ, ով անտարբեր է Տ. Սարգսյանի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հպարտ է, որ պատիվ է ունեցել աշխատելու Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Արմեն Աշոտյանը’ հավելելով, որ վարչապետից ունեցած սպասելիքների մասին նախ ինքը խոսում է որպես երկրի քաղաքացի, որպես Հանրապետական կուսակցության անդամ եւ անձնավորություն, ով պատիվ է ունեցել աշխատելու Տիգրան Սարգսյանի հետ:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ չկա մի երկիր, որտեղ՝

ա) կառավարությունները կարողանան լուծել հասարակության առջև կանգնած բոլոր խնդիրները միանգամից,

բ) որտեղ կառավարություններին չքննադատեն,

գ) որտեղ վարչապետի ֆիգուրը, անկախ անձից, չդառնա քաղաքական քննադատության առարկա։

«Այս ամենով հանդերձ խոստովանենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում շատ քիչ անհատականություններ կան, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, և շատ քիչ անհատականություններ կան, ովքեր գիտելիքի, հմտությունների, արժեհամակարգի և մարդկային բնավորության նման միաձուլում կարող են կրել իրենց մեջ»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ’ ՀՀ վարչապետին կամ սիրում են կամ չեն սիրում, կամ ընդունում են կամ ոչ, բայց ինքը չի տեսել մի մարդու, ով վարչապետի նկատմամբ անտարբեր լինի:

Ըստ Կառավարության ներկայացուցչի՝ այսօր, երբ հասարակական-քաղաքական կյանքում ականատես ենք լինում շատ բուռն իրադարձությունների, պետք է խոստովանենք, որ Տիգրան Սարգսյանը նախորդ հինգ տարիների ընթացքում իրականում իր ուրույն լուման է ունեցել երկրի քաղաքական մշակույթի ձևավորման գործում, նոր տիպի կառավարչական մշակույթի կայացման գործում։ 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում