ՀԳՄ հրատարակչության տնօրեն․ «Մեզ վերագրվող թիվը տասնապատիկ կեղծվել է»
Նմանատիպ
Նոյեմբերի 16-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում բանավիճել են մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գրականագետ Արմեն Ավանեսյանը եւ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Թեման վերաբերում էր ժամանակակից գրականության` 2018 թ. բյուջեի պետաջակցության և պետպատվերի ցանկերում ներառված չլինելուն: Բերվել են թվային տվյալներ, որոնք զետեղված են հոդվածում ու 5 տեսանյութերում:
ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը «Առավոտին» ուղարկած պատասխանում արձագանքել է ասուլիսում հնչած մտքերին:
«Ամեն տարվա աշնանը, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը իր կայքում հաջորդ տարվա հրատարակչական գործի աջակցության մասին զետեղում է հայտարարություն, խլրտոցն սկսվում է հրատարակիչների շրջանում: Որ գրքի համար ում որքան է հատկացնելու Մշակույթի նախարարությունը պետական միջոցներից: Սպասման ակնկալիքները 2017, 2018 թթ. առանձնակի խանդավառություն չառաջացրին, քանի որ նախորդ տարիների համեմատ ծրագրերը փոխվեցին, բյուջեն սեղմվեց:
Եվ ահա այս նեղ վիճակում սկսեց երևալ որոշ հրատարակիչների գործելակերպը՝ ինչպես իրենց կողմը գրավեն գրական շրջանակների և չինովնիկների համակրանքը՝ հասնելով հատկացումների առավել մեծ չափերի: Անցած տարի առճակատման գնացող «Անտարես» հրատարակչության հանձնակատարներին ես ի պաշտոնե պատասխանել եմ «Առավոտ» օրաթերթում:
Մեկ տարի անց ստիպված եմ կրկին ստերը ջրի երես հանել, քանի որ թվակեղծարարությունը կրկնվեց, և դարձյալ ջանում են ՀԳՄ հրատարակչությանն ու «Անտարեսին» հատկացվող դրամաչափերը համեմատել. իբր, տեսեք, մենք 2012-2016 թթ. ստացել ենք 46 մլն դրամ, իսկ նրանք՝ ՀԳՄ հրատարակչությունը, 300 մլն: Եվ նրանք՝ մենք, արժեքներ տպագրելուց հեռու ենք, և որ իրենք են «մաեստրոյի առաքելությունը» ստանձնելու այսուհետ: Եվ նրանք՝ մենք, քամուն ենք տալիս պետական միջոցները, իսկ իրենք նոր անուններ են հայտնաբերում… և հայտնի գրողների:
Թեև իրենց հրատարակած հեղինակների մի մասը մեր հեղինակներն են և ՀԳՄ անդամներ: Ինչո՞ւ, Չարենցին ու Մահարուն էլ եք դուք հայտնաբերել, Հրանտ Մաթևոսյանին էլ… ուրիշներին էլ: Ինչո՞ւ եք «համեստաբար» լռում: Ձև բռնելով ու վաստակահենությամբ զբաղվելը մի օր ձեզ կծակի՝ մախաթի պես: Իսկ իրական թվերը չես ջնջի:
Տեսեք, թե ուր մնաց 300 միլիոնը: ՀԳՄ հրատարակչությունը 2012 թ. պետպատվերի 400 000-ով և աջակցության 2.430.000-ով հրատարակել է 7 գիրք: 2013-ին՝ համապատասխանաբար 1.202.000-ով և 3.600.000՝ 11 գիրք: 2014-ին՝ 11 գիրք 4.900.000-ով, 2015-ին 11.700.000-ով՝ 22 գիրք, 2016 թ. 9.016.000-ով՝ 19 գիրք: Ահա ճշգրիտ պատկերը: Արդյունքում՝ 33.248.000 դրամով տպագրվել է 70 անուն գիրք: Իսկ «Անտարեսը» քանի՞ գիրք է հրատարակել, 46 միլիոնին գումարած այլ ծրագրերով 16,774.000-ը, հետաքրքիր է: Ինչպես տեսնում եք, մեզ վերագրվող թիվը տասնապատիկ կեղծվել ու թյուրիմացության մեջ է գցել ընթերցողին»,-Aravot.am-ին ուղարկված պատասխանում գրել է Շանթ Մկրտչյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում