«Նաղաշ»-ի հիմնադիր. Մենք ի զորու ենք ստեղծել նոր գործեր

«Նաղաշ»-ի հիմնադիր. Մենք ի զորու ենք ստեղծել նոր գործեր

«Նաղաշ» անսամբլը ստեղծվել է 2012 թվականին: Անսամբլի երգացանկի հիմքում հայկական արմատներով նորագույն երաժշտությունն է` կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի կողմից հեղինակված:

Անսամբլն իր մասնակցությունն է ունենալու Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնին` ներկայացնելով «Կարոտի երգեր» ծրագիրը:

Ջոն Հոդյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմում է անսամբլի ստեղծման, արժեհամակարգի ու տեսլականի մասին:

Panorama.am-Ինչպե՞ս ստեղծվեց «Նաղաշ» անսամբլը:

Ջոն Հոդյան– «Նաղաշ» անսամբլի ստեղծման գաղափարն ինձ մոտ ծագեց, երբ Գառնու տաճարում լսեցի Հասմիկ Բաղդասարյանին հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն կատարելիս: Օրեր շարունակ իմ մտքում էր երգչուհու գեղեցիկ ձայնի և Գառնու տաճարի ակուստիկայի ներդաշնակ համադրությունը: Եվ ես նպատակ դրեցի ստեղծել մի գործ, որում հին ձայնը նորովի կօգտագործվեր:

Մի քանի տարի պահանջվեց՝ ճիշտ տեքստը որոնելու և գտնելու համար, սակայն երբ հատվածներ տեսա 15-րդ դարի բանաստեղծ ու քահանա Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից, բառերը կարծեք դուրս թռան էջից և պարուրեցին իմ ոգին։ Տարիներ շարունակ աշխատելով երաժշտության վրա` ես հիմնադրեցի «Նաղաշ» անսամբլը:

Panorama.am -Ո՞րն է «Նաղաշի» գաղափարախոսությունը:

Ջոն Հոդյան– Հայոց մշակույթն ու արվեստը չպետք է սահմանված լինեն միայն մեր պատմությամբ, պետք է սահմանված լինեն նաև մեր ներուժով: Մենք ի զորու ենք ստեղծել նոր գործեր, որոնք կընդգծեն մեր ազնվական անցյալի ԴՆԹ-ն: Հայոց պատմությունը չի ավարտվում ցեղասպանությամբ: Հայկական մշակույթը շարունակում է աճել, ծնունդ տալ նոր ձևերի ու աշխարհին նայելու նոր ճանապարհների:

Panorama.am -Ովքե՞ր են ընդգրկված անսամբլում:

Ջոն Հոդյան– Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ կարողացել եմ միավորել Հայաստանի որոշ լավագույն երգիչների ու երաժիշտների: Կատարողներից յուրաքանչյուրը խորը գիտելիքներ ունի հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության վերաբերյալ, և երաժշտական կրթության շնորհիվ նրանք կարողանում են երգել ու նվագել բարդ երաժշտություն:

Panorama.am– Ի՞նչ ծրագրեր ունեք:

Ջոն Հոդյան– «Նաղաշ» անսամբլը հաջորդ տարիների համար ծրագրված բազում համերգներ ունի, և մենք շատ երկրներում ենք հանդես գալու։ Ես Նաղաշի բանաստեղծությունների 3-րդ և վերջին հատորը փոխադրում եմ երաժշտության: Այս երաժշտության հիմքում շատ տարբեր հերոսներ ու զգացմունքներ են, և ես կարծում եմ, որ այն լավագույնն է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում