Մերօրյա «Մեծապատիվ մուրացկանները»՝ Սունդուկյանի բեմում. Մանրամասնում է Արմեն Էլբակյանը

Մերօրյա «Մեծապատիվ մուրացկանները»՝ Սունդուկյանի բեմում. Մանրամասնում է Արմեն Էլբակյանը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն այսօր հանդիսատեսին կներկայցնի նորովի մեկնաբանությամբ ևս մեկ բեմադրություն՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որը Սունդուկյանի բեմում թատրոնի պատմության մեջ առաջին անգամ է լինելու:

«Մոտ 30 տարի առաջ «Մեծապատիվ մուրացկանները» բեմադրել եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում: Հենց այս ներկայացմամբ թատրոնի նոր շենքը բացեց իր դռները հանդիսատեսի առջև, սակայն այսօրվա բեմադրությունը բոլորովին նոր տարբերակ է, ոչ մի կապ չունի նախորդի հետ: Միակ ընդհանրությունն այն է, որ որպես երաժշտական ձևավորում օգտագործվել է Ստեփան Լուսիկյանի երաժշտությունը, որը գրել էր հատուկ «Մեծապատիվ Մուրացկանների» համար: Կոմպոզիտոր Լևոն Խաչատրյանն էլ այն վերծանեց ու գործիքավորեց», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արմեն Էլբակյանը:

Շուրջ 130 տարի անց էլ թեման շարունակում է արդիական մնալ, Աբիսողոմ աղաները եղել են, կան ու կլինեն բոլոր ժամանակներում: Հարցին՝ կտեսնի՞ բեմում հանդիսատեսը մերօրյա «մեծապատիվներին», թե՞ ոչ, բեմադրիչը կարճ պատասխանեց. «Ինձ թվում է՝ կտեսնեք»:

Ներկայացման մեջ ներգրավված է թատոնի գրեթե ամբողջ կազմը, այդ թվում՝ և երիտասարդները: Գլխավոր կերպարներում են Ալբերտ Սաֆարյանը, Հարություն Մովսիսյանը, Աննա Էլբակյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Դավիթ Հակոբյանը, Ռազմիկ Խոսրոևը և այլոք:

«Ամբողջ անձնակազմը՝ տնօրենը, դերասանական ու տեխնիկական կազմը, մեծ խանդավառությամբ լծվեցինք այս գործին, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին: Շատ եմ գնահատում իրենց նվիրվածությունն ու սերն աշխատանքի հանդեպ: Նման մեծամասշտաբ ստեղծագործության վրա աշխատելու շատ քիչ ժամանակ ունեինք», – նշեց մեր զրուցակիցը:

Նկատելի է, որ ակադեմիական թատրոնը Արմեն Էլբակյանի ղեկավարության օրոք նոր շունչ ու մոտեցում է հաղորդում հանրությանը քաջածանոթ պիեսներին: Մեկնարկը տրվեց նախորդ տարի՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ով, միտումը կպահպանվի նաև հետագայում:

«Դա գրավում է հանդիսատեսին, դեպի թատրոն առավել մեծ հոսք է սկսվել: Պարզապես, ես իրականացնում եմ այն ծրագիրը, որն, ըստ իս, շատ կարևոր է ոչ միայն ակադեմիական թատրոնի, այլև՝ մշակութային մտածողության համար: Ազգային գրականությունը, դրամատուրգիան՝ լինի դասական, թե ժամանակակից, պետք է բեմահարթակ բարձրացնենք: Խիստ կարևոր է, որ ճանաչենք մեր ինքնությունը, հատկապես երիտասարդների համար կարևոր է շփվել մեր ազգային գրականությանն ու դրամատուրգիային: Ճիշտն ասած՝ ես նպատակ չունեմ ինչ-որ բան նորովի մատուցել, ուղղակի ուզում եմ՝ այն, ինչ բարձրացնում ենք բեմահարթակ, մեր ժամանակին, մեզ հուզող խնդիրներին համահունչ լինի: Այդ դեպքում թատրոն-հանդիսատես փոխհարաբերությունները ջերմանում են, թատրոնը սկսում է գործել որպես կենդանի օրգանիզմ… Ինչ վերաբերում է միտմանը, առաջիկայում ես մի քիչ կհանգստանամ՝ տեղս զիջելով հրավիրյալ երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանին, ով երիտասարդական ներկայացում կբեմադրի «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա», – ընդգծեց գեղարվեստական ղեկավարը:

Ներկայացման ֆինանսական աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու մի շարք կազմակերպություններ, որոնց ներկայացուիչները կլինեն նաև հանդիսատեսի շարքերում:

«Ներկայացման առաջնախաղն այսօր է, բայց ասեմ, որ սովորաբար, առաջին 10-12 ներկայացումներից յուրաքանչյուրը պրեմիերա է համարվում: Նախկինում մշակույթի մարդիկ, թատերագետները ներկայացման առաջին օրը չէին գալիս՝ այն զիջելով հանդիսետեսին: Դերասաններն ու հանդիսատեսը, ով ևս գլխավոր դեակատար է, պետք է հանդիպեն, շփվեն, հարաբերություններ ձևավորեն», – մեզ հետ զրույցը եզրափակեց Արմեն Էլբակյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում