ՀԱԿ դաշինքը ճռռալու փոխարեն ՀԱԿ կուսակցությունն է ճռռում

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ դաշինքի անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դժգոհեց, որ ՀԱԿ կուսակցությունը որոշեց ՀԱԿ դաշինքի անունը վերցնել և այդ անունով ներկայանալ, և փոխանակ իրենք ասեն’ ՀԱԿ դաշինքի անունից հանդես մի եկեք, կուսակցության ներկայացուցիչներն են ասում:

Գիմիշյան հիշեցրեց, որ ՀԱԿ դաշինքը ծնվել է կուսակցոթյունների միավորման որոշմամբ և տասը կուսակցությունների կնիքով։

«Ժողովրդական ասացվածք կա’ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Քանի որ ՀԱԿ դաշինքն իրավաբանորեն գրանցված չէ, իսկ ՀԱԿ կուսակցությունը գրանցված է, դրա համար մենք չենք աղմկում: Իրավական առումով ՀԱԿ-ը օրենք չի խախտել, բայց, բացի իրավական հարթությունից, կա նաև բարոյական հարթություն: Ի՞նչ վատ բան ենք անում, որ ուզում ենք ՀԱԿ կուսակցության հետ չհամագործակցած կուսակցությունների հետ համագործակցել»,- ասաց ՀԱԿ դաշինքի անդամը:

Սոս Գիմիշյանը նշեց, որ վերջին տարիներին ՀԱԿ դաշինքում իրական ժողովրդավարություն, փոխադարձ հարգանք, փոխադարձ վստահություն չկար, իսկ այժմ իրենք դա վերականգնելու են:

Սոս Գիմիշյանը նաև նշեց, որ մինչ այդ ՀԱԿ դաշինքից այլ կուսակցություններ էլ են գնացել, բայց իրենց հետ չեն տարել ոչ անունը, ոչ լոգոն. «Գնացողը ամեն ինչ թողնում է մնացողին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում