Իթթիհաթի և դաշնակցության համագործակցության, աբսենտ խմող Օտյանի և կատակասեր Խրիմյան հայրիկի մասին

Իթթիհաթի և դաշնակցության համագործակցության, աբսենտ խմող Օտյանի և կատակասեր Խրիմյան հայրիկի մասին

Լույս է տեսել Վահան Թեքեյանի «Երկու դրախտները.
Ցիրուցան էջեր» հատորյակը
Պոլսի «Ժամանակ» օրաթերթի «100-ամյակի» մատենաշարի հերթական հրատարակությունը Վահան Թեքեյանի «Երկու դրախտները. Ցիրուցան էջեր» հատորյակն է:

Ավելի վաղ հրատարկվել էին Քասիմի «Օրուան մտածումներ», Ռուբէն Զարդարեանի «Յօդուածներ», Երուխանի «Փոքր Ասիոյ մէջէն» եւ Թէքէեանի «Կեսարիա» հատորները։

Վահան Թեքեյանի անունը նույնպես կապված է «Ժամանակ» թերթի հետ, նա աշխատել է Քասիմի հիմնադրած թերթում, եղել է ժամանակահատված, որ խմբագիրներից մեկն է եղել:

«Երկու դրախտները. Ցիրուցան էջեր» հատորը կազմել, խմբագրել եւ ծանոթագրել է բանասէր Սեւան Տէյիրմենճեանը, առաջաբանը Վաչէ Ղազարեանին է, ձեւավորողը` երգիծանկարիչ ու գեղանկարիչ Արէտ Կըճըրն է։ Գրքի առաջին բաժնում Թեքեյանի հրապարակախոսական հոդվածներն են, որոնք հրապարակվել են «Ժամանակ» եւ «Ժողովրդի ձայն» թերթերում: Դրանք անշուշտ կրում են ժամանակի կնիքը, վերաբերում են օսմանյան քաղաքականությանը, հասարակական հնչեղություն ստացած թեմաների:

Երկրորդ բաժնում գրական, գեղարվեստական հոդվածներ են, որոնք հրապարակվել են «Ժամանակ», «Ժողովրդի ձայն», ինչպես նաեւ Կահիրեի «Արեւ» թերթերում: Դրանք վերաբերում են մշակութային կյանքին, դրանց վերաբերյալ Թեքեյանի մոտեցումներին, 1922 թ. ուղղագրության փոփոխությանը եւ այլն: Հետաքրքրական է հատկապես գրքի վերջին բաժինը, որտեղ զետեղված են Թեքեյանի հուշերը, ժամանակի հայտնի մարդկանց վերաբերյալ վկայությունները, նաեւ ինչ-ինչ դրվագներ իր անձնական կյանքից: «…Դաշնակցութիւնը մեզ կը խաբէր ըսելով թէ Իթթիհատին հետ դաշինքն ու գործակցութիւնը պահեց ու վերանորոգեց ճիշտ այն պահուն մանաւանդ` ուր Իթթիհատը իր ամենէն հակազատական քայլը առաւ, երբ ընդդիմադիրներու քննադատութենէն ազատելու համար խորհրդարանի լուծումին եւ ամէն ապօրինի միջոցներով իր ուզած խորհրդարանը ընտրելու ձեռնարկեց:

Դաշնակցութիւնը Իթթիհատին ընդդիմադիրները վարկաբեկելու միայն աշխատեցաւ, ընտրութեանց նախապատրաստական եւ նաեւ գործադրական անթիւ անհամար ապօրինութիւններուն մասին չարձանագրեց բուն գործին ատեն ոչ իսկ դոյզն բողոք մը, եւ իբրեւ ազգային շահ` իր կուսակցական շահը միայն հետապնդեց …Իթթիհատին պէս Դաշնակցութիւնն ալ իր բոլոր ջանքը թափեց, որպէսզի մեր ազգին մէջ մինակը տիրէ, ուզածը ընէ, ասոր համար ամէն միջոց գործադրեց- բուռն եւ ապօրինի միջոցները մանաւանդ-ի գին ազգային իշխանութիւնը տկարացնելու եւ վարկաբեկելու յաչս իթթօհատական կառավարութեւան: Իթթիհատի պէս ան ալ մեր ընտրութիւնները խարդախեց` երբ կրցաւ…Սպառնալիքի, ծէծ ու փէտի տակ որոշումներ առնել ուզեց այն ժողովներէն, որոնք իրեններէն չէին կազմուած, հետեւաբար կընդդիմանային իրեն…»,–«Իթթիհատը եւ դաշնակցութիւնը» հոդվածում գրում է Թեքեյանը, որ հրապարակվել է 1912թ հուլիսին: Ուշագրավ է 1931 թ. «Արեւում» հրապարակված «Արփիար Արփիարեան «մատնիչ» հոդվածը: «Արփիար Արփիարեան մատնի՜չ…այս տխմար ու զզուելի զրպարտութիւնը դաշնակցականներ, դաշնակցական բիուրօ մը ըրած էին 35 տարի առաջ….

Վրացեանի յօդուածին վերջին խօսքն է հետեւալը. «Ինչպէս ասում են, քամի ցանողը փոթորիկ կը հնձէ: Արփիար Արփիարեանը հնձեց իր ցանած քամու պտուղները»…Իսկ Վրացեաններու ցանած «քամու պտուղները» հնձեց ու կը հնձէ հայ ժողովուրդը-մէջը ըլլալով այս նոր քամիին, Արփիար Արփիարեանի «Մատնութեան եւ դաւաճանութեան» առասպելին թունավոր պտուղները»,-գրել է Թեքեյանը: Ի թիվս այլոց, տպավորիչ են Թեքեյանի հուշերը Երվանդ Օտյանի մասին, որին բնորոշում է որպես «իրապէս հմայիչ երիտասարդ մը», «նուրբ խարտեաշ մօրուքով եւ երազային քաղցրութեամբ լեցուն աչքերով», որը սիրում էր աբսենտ խմել, կամ Խրիմյան Հայրիկի, Մինաս Չերազի մասին դրվագները: Փանոս Թերլեմեզյանի մասին էլ անդրադարձ կա:

Թեքեյանը պատմում է, որ Թերլեմեզյանը Մոսկվա էր մեկնել սովորելու` առանց իր հայրենակից կաթողիկոս Խրիմյան Հայրիկին լուր տալու: Եվ երբ մեկ տարի անց վերադառնում է, Խրիմյան Հայրիկը կատակով հարցնում է. «Ո՞ւր փախար գացիր, Փանոս, ես մտածած էի վարդապետ ձեռնադրել քեզ»: Նրանց երկխոսությունը շատ զվարճալի է ներկայացնում Թեքեյանը: «Բայց ես պիտի չկամենայի ատիկա Հայրիկ, որովհետեւ առանց կնկան չեմ կարող…կըլլայ պէտք եղածէն աւելի համարձակ, զօրանոցային լեզուով պատասխանը երեկուան աշակերտին առ ամենայն հայոց կաթողիկոսը, որը նոյն «քաղցրութեամբ» իրեն կըսէ ահա. -Այ տղայ, դու չգիտե՞ս որ աշխարհական մարդիկ միայն մի կին կունենան, իսկ վարդապետները տասից աւելի»,- կարդում ենք Վահան Թեքեյանի «Երկու դրախտները. Ցիրուցան էջեր» հատորի մեջ, որտեղ տեղ գտած հոդվածի վերնագիրն է 1937 թ «Արեւում» լույս տեսած «Խրիմեան եւ կուսակրօնութիւնը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում